Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Աթամբաևի շտաբին հղումով:
«Նրանց հետևից այդպես էլ ոչ ոք չեկավ, այդ իսկ պատճառով մենք ենք տարել նրանց իրենց գործընկերների մոտ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Աթամբաևի կողմնակիցները տեսանյութ էին տրամադրել լրատվամիջոցներին, որում պատանդառված հատուկջոկատայինները տեսաուղերձ էին հղել:
Տեսանյութում գրեթե բոլոր հատուկջոկատայինները վիրակապերով են:
Նրանցից մեկը, ինչպես հաղորդում է աղբյուրը, ենթադրաբար հրամանատարն է, որն ասում է, որ իրենք երդում են տվել պետությանը և ժողովրդին:
«Մենք ծառայում ենք Ղրղզստանի ժողովրդին։ Այս իրավիճակում, եթե ինչ-որ բան սխալ ենք արել, ներողություն ենք խնդրում։ Ներողություն ենք խնդրում ժողովրդից»,- տեսանյութում ասում է տղամարդը:
Բացի այդ, տղամարդու ձայնը կադրից դուրս հարցնում է, թե ինչպես է նրա առողջական վիճակը, ինչին ի պատասխան վերջինս հայտնում է, որ լավ է:
Վերջում հատուկջոկատայիններին խնդրում են ասել, որ «ժողովուրդը մեզ փրկեց, պաշտպանեց մյուսներից»։ Հատուկջոկատայիններից մեկն ասել է, որ «ջիգիթներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել»։
Երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:
Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 52 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:
Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:
Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:
Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:










