Փողոցի մայթի լայնացումը, հեծանվային գիծը դրական եմ գնահատում, բայց կասկածի տակ եմ դնում համակարգային լինելու հանգամանքը. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքային իշխանության վերջին գործողություններին՝ կապված հեծանվուղու, աղբահանության, մայթերի լայնացման և այլնի հետ, մեկ ընդհանրական գնահատական է տալիս՝ ինչ-որ բան, որ արվում է, անկախ նրանից, թե դա որքանով է անհրաժեշտ, որքանով՝ ոչ, պետք է արվի համակարգային:
Tert.am-ի հետ զրույցում նա նաև կասկածի դրեց այս ծրագրերի համակարգային լինելը՝ չբացառելով, որ շոուի ինչ-որ մաս է:
«Փողոցի մայթի լայնացումը, հեծանվային գիծը և մնացյալը պետք է լինեն համակարգային, այլ ոչ թե որևէ բան ցույց տալու համար որևէ փոքր հատված նորոգեն, որ տեսեք մենք կառուցում ենք: Այո, գովելի ու հաճելի է, բայց, օրինակ, մայթերի լայնացման մասով կա քաղաքաշինական խնդիր, քանի որ գիտեմ՝ բազմաթիվ ճարտարապետներ դեմ են եղել մայթերի լայնացմանը: Պետք չէ 100 մետր կանաչապատել, ասֆալտապատել, հեծանվուղի կառուցել՝ մոռանալով մնացած մասը: Գիտեք՝ այս ամենը հաճելի կլիներ, երբ լիներ, օրինակ, ամբողջությամբ Չարբախում: Դրական եմ գնահատում այս քայլերը, բայց կասկածի տակ եմ դնում այն հանգամանքը՝ արդյո՞ք կլինի համակարգային, թե շոուի ինչ-որ հատված է»,- ասաց նա:
Վարդանյանը ցավով արձանագրեց, որ փորձը ցույց է տվել, որ քաղաքային ներկա իշխանություններն ականջալուր չեն լինում ընդդիմությանը: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները բազմիցս նախազգուշացրել են այս կամ այն որոշման կամ նախագծի վտանգների մասին, բայց իրենց ձայնը հաշվի չի առնվել:
«Մեր ձայնը հաշվի չեն առնում, այդ իսկ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ «խերվում են»: 2019 թ.-ի բյուջեի հաստատման ժամանակ շուրջ 20 օր բարձրաձայնում էինք, հորդորում էինք, խնդրում էինք չհաստատել, խնդրում էինք չկրճատել կանաչապատման տրամադրվող գումարը, վերելակների գումարը չկրճատել, բայց իրենք արեցին, իրենք մեծամիտ են, իսկ մի քանի ամիս հետո ստիպված էին հոդվածների փոփոխություն անել: Հիմա «Աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ»-ի մասին կարող եմ ասել, քանի որ բազմիցս զգուշացրել ենք, որ դա լավ գաղափար չէ, որ մասնավորը միանշանակ ավելի լավ է կառավարում: Հուսամ՝ քաղաքը կմաքրվի, սակայն սա լինելու է շատ կարճաժամկետ լուծում: Չգիտեմ՝ սա մեկնաբանեմ կամքի բացակայություն, հստակ որոշումներ կայացնելու բացակայություն, թե պահի համար լուծում գտնել»,- նշեց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է Երևանի աղբահանությունը մանկապարտեզների վերանորոգման բյուջեի հաշվին կատարելու փաստին, Թեհմինա Վարդանյանը նշեց, որ համեմատականի մեջ հաղթում են մանկապարտեզները: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ պարզապես կարելի է «Սանիթեք» ընկերության հետ խզել պայմանագիրը:
«Միանշանակ այս պարագայում պետք է կրճատվեր պարգևավճարների բյուջեն ու դրվեր համայնքային հիմնարկի վրա: Իսկ որ ընդհանրապես որևէ տեղից չկրճատեն, թող խզեն «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը: Քաղաքապետարանը վերջին շրջանում նույնիսկ խուսափում է օգտագործել խզել բառը: Եթե մեկնաբանում են՝ վտանգ կա, որ «Սանիթեք» ընկերությունը կարող է դիմել արբիտրաժային դատարան, գործընթացները տապալվել և այլն, կարող եմ վստահեցնել, որ այս վտանգը կար և՛ 6 ամիս առաջ, և՛ կա այսօր, և՛ կլինի ամիսներ կամ տարիներ հետո: Այսինքն, երբ խզվի պայմանագիրն, այս վտանգները լինելու են՝ ո՛չ վերանալու են, ո՛չ էլ ավելի սրվելու են»,- շարունակեց Թեհմինա Վարդանյանը:
Ավագանու անդամը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի այն որոշմանը, որ այս տարի առաջին դասարանցիներին պայուսակներ չի նվիրի, նախ նշեց, որ դա ավագանու որոշում չէ:
«Չեմ պատկերացնում, թե ռեալ որքանով դրա կարիքն ունեն բոլոր ծնողները, բայց վստահ եմ, որ հասարակության մեծ զանգված իսկապես ունի այդ գրենական պիտույքների կարիք, սա մանրակրկիտ հաշվարկ ու վերլուծության կարիք է զգում»,- հավելեց ավագանին:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ սա նախկինում արվում էր զուտ քաղաքապետ Տարոն Մարգարյանի PR-ի համար, իսկ ծախսն այդքան էլ արդարացված չէր, Թեհմինա Վարդանյանն արձագանքեց, որ Տարոն Մարգարյանն իրեն ընդհանրապես չի հուզում, քանի որ որպես քաղաքապետ ու քաղաքական գործիչ մնացել է անցյալում:
«Սեփական PR-ի հետ կապված միայն ասեմ, որ հիմա հասարակայնության հետ կապերի վարչությունում «օպտիմալացման» արդյունքում աշխատողներ են ավելացվել, այնպես որ եկեք սեփական PR-ի մասին չխոսենք: Հաստիքացուցակով միայն ավելացել է հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների թիմը, կարծում եմ՝ սա որոշակիորեն խոսում է սեփական PR մասին: Սեփական PR չէ՞, որ օրվա մեջ 10-15 անգամ, իմ գնահատմամբ՝ անհիմն նյութերն են հայտնվում քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում»,- եզրափակեց Թեհմինա Վարդանյանը:










