Բիշքեկում ձերբակալել են Աթամբաևի մոտ 40 կողմնակցի
Ղրղզստանի ոստիկանության աշխատակիցները Բիշքեկում անկարգությունների ընթացքում ձերբակալել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մոտ 40 կողմնակիցների: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:
«Գրեթե 40 ցուցարար է ձերբակալվել: Ներկայում աշխատանքներ են տարվում անկարգություններ հրահրողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտարարել են գերատեսչությունում:
ՆԳՆ-ի տվյալներով՝ անցած գիշեր տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է շուրջ 1500 մարդ։ Նրանք վնասել են խանութների ցուցափեղկերը, այրել աղբամանները, կոտրել խախտումների համար նախատեսված տեսախցիկները։
«Կողոպուտների դեպքեր չեն արձանագրվել»,-հաղորդել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:










