Տեղեկատվությունը միտումնավոր է նետվել լրատվական դաշտ. Է. Մարուքյանը՝ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ BBC-ի հրապարակման մասին (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին դուր չի գալիս ՀՀ-ում ստեղծված ներկա իրավիճակը: Նա այսօր #bRightTalk ֆորմատով քննարկման ժամանակ ասաց, թե նկատել է, որ բոլորը՝ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ոչ քաղաքական գործիչներ, խոսում են թեմաներից, որոնց շուրջ մասնագիտական կարծիք չեն կարող հայտնել:
«Այսինքն՝ մարդիկ «բեխաբար» թեմային, ինչ-որ եթերների նստում ու ապականում են հանրային կարծիքը, քանի որ ձևավորվող կարծիքն ամենևին կապ չունի իրականության հետ: Նույն պատկերն է BBC-ի ռուսական ծառայության՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակման հետ կապվածը»,- ասաց նա:
Մարուքյանի շեշտեց, որ վերոնշյալ թեման իրավական հարց է, որին պետք է նուրբ մոտենալ: Նա նկատեց, որ նյութը հրապարակող լրագրողը վստահեցնում է, որ ձեռքի տակ փաստաթղթեր ունի:
«Ըստ այդ նյութերի՝ գեներալ Օգանոսվսկին հրաման է տվել, որ Մարտի 1-ին մարդկանց վրա կրակեն: Եթե այդպես է, ապա նա քրեական գործի շրջանակում պետք է լիներ մեղադրյալի, արդեն ամբաստանյալի կարգավիճակում, բայց նա վկայի կարգավիճակում է գտնվում: Դեռ իր մասով քննություն է գնում, այսինքն՝ 10 սպանվածների մասով քննություն է գնում, իսկ սա նշանակում է, որ տեղեկատվությունը գաղտնի է: Եթե գաղտնի տեղեկատվություն է, որը հիմա հրապարակվել է, նշանակում է, որ ցանկացած ամբաստանյալ վաղը, մյուս օրը դրանից կարող է օգտվել՝ եթե մեկը մարդասպան է, իր պաշտպանությունն ավելի լավ կանի, ուրեմն նրա դատվելու հավանականությունը քչանում է»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի կարծիքով՝ փակ տեղեկատվությունը միտումնավոր է նետվել լրատվական դաշտ: Սակայն նա այստեղ էլ է վտանգներ տեսնում, քանի որ գտնում է, որ եթե հրապարակման մեջ նշված մարդիկ չդատվեն, հանրությունը սկսելու է չհավատալ իրավապահ համակարգին:
«Սա սպրդված ինֆորմացիա է, որ եթե անգամ չկարողանան որպես մեղադրյալ ներգրավեն, ապա գոնե հանրությունն իմանա, թե ով ինչ է արել: Բայց կասկածները մնալու են, մարդիկ նիհիլիստական մոտեցումներով են սկսելու իրավապահ մարմիններին վերաբերել: Ասելու են՝ տեսեք, որ բոլորս իմացանք, որ Օգանովսկին է հրաման տվել, բայց այդ մարդուն չդատեցն ու սկսելու են չհավատալ նաև հեղափոխությունից հետո ստեղծված դատական համակարգին: Հետո մի կարևոր հանգամանք կա՝ մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք բարդակ երկի՞ր, շունը տիրոջը չճանաչող երկի՞ր: Նախաքննությունը պետք է գնա նորմալ, որ այն չլինի խոցելու, եթե խոցելի եղավ, այդ մարդիկ չեն դատվելու»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










