Վերնիսաժում գրպանահատները հետևում էին զբոսաշրջիկներին, նկարվելուց էլ չէին վախենում․ վարչապետի նախկին թեկնածու

13:28 • 10.08.19

Գրպանահատների ակտիվացման պատճառը տեսնում ենք անհասկանալի թողտվության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Համահայկական Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ, ԱԺ վերջին ընտրություններին որպես վարչապետի թեկնածու հանդես եկող Լուսինե Հարոյանը` անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրպանահատության դեպքերին:

«Հետաքրքիր է, թե ինչու են այդքան ակտիվացել գրպանահատները ու հատկապես տուրիստների շրջանում: Ես դրա պատճառը այդքան օրենսդրական բացը չեմ տեսնում, այլ տեսնում եմ անհասկանալի թողտվության մեջ, քանի որ նրանք այնքան բացահայտ են գործում, որ զգացվում է, որ ընդհանրապես վախ չունեն: Երեկ այդքան վեճից հետո մեզ ասացին` լավ եթե ձեր տուրիստներն են, հարց չկա և ասացին, որ գնում են ուրիշներին թալանելու»,-ներկայացրեց Լուսինե Հարոյանը` ասելով, որ դեռ պաշտոնական արձագանք չի ստացել ոստիկանությունից:

Նա չի կարծում, որ ոստիկանությանը հայտնի չէ այդպիսի մարդկանց տեղը և զարմանալի համարեց այս թողտվությունը: «Ես շատ կուզենայի, որ գոնե պատճառը անպատժելիությունը լիներ և չեմ ուզում ավելի վատ բան մտածել, որովհետև, ցավոք, հայտնի են օրինակներ, ըստ որոնց՝ նման մարդիկ որոշ ոստիկանների հետ գործարք են կնքում և «փայ» են ստանում: Շատ կուզենայի, որ սխալված լինեի, բայց այս անհասկանալի թողտվությունը և լկտի պահվածքը տեղ չեն թողնում, որ օպտիմիստորեն մտածես այդ հարցի շուրջ»,-ասաց նա:

Նշենք, որ Լուսինե Հարոյանը իր ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել և գրառում կատարել գրպանահատության վերաբերյալ.

«Լավ նայեք այս ստահակներին, հարգելի երևանցիներ, որ կարողանաք հակահարված տալ, քանի որ մեր ոստիկանությունը, ոնց հասկանում եմ, շատ բարեհամբույր է վերաբերվում գրպանահատներին: Հետաքրքիր է` ինչու՞: Եթե որևէ մեկն ասի, իբր չեն ճանաչում կամ չեն տեսել, չեմ հավատա:

Այս գրպանահատները կպան տուրիստներիս պոչից դեռ Վերնիսաժում, բացել էին մի քանիսի պայուսակը: Այնքան լկտի էին, որ հետևում էին մեր խմբին Վերնիսաժից մինչև Գաթա պանդոկ: Երբ մոտեցանք սրանցից էն շախմատի ձիու կերպարով կանգնած ստահակին ու պահանջեցինք, որ հեռու մնա խմբից ու քայլի մյուս մայթով, լկտիաբար պատասխանեց, թե ձեզ պետք ա, դուք քայլեք: 

Երբ հանեցինք հեռախոսը, որ գոնե նկարվելու հեռանկարից վախենան, մեջքով կանգնած ստահակը քմծիծաղով ասաց` որ նկարում եք, մեջն ի՞նչ կա:
Այսինքն, մարդը համոզված է, որ իրեն ոչինչ չի սպառնում: 
Սա էլ մեր հյուրասիրությունը, որի մասին լեգենդներ ենք պատմում տուրիստներին»: