ԱՄՆ-ում բորտուղեկցորդուհուն աշխատանքից հեռացրել են թռիչքի ժամանակ հարբած լինելու համար

23:59 • 10.08.19

Բորտուղեկցորդուհին ձերբակալվել է այն բանից հետո, երբ Ինդիանա նահանգի Չիկագո-Սաութ Բենդ չվերթի ուղևորները մտահոգություն են հայտնել թռիչքի ժամանակ նրա վիճակի վերաբերյալ, հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակչուհի Ջուլիաննա Մարչն օգոստոսի 2-ին ձերբակալվել է հերթական թռիչքի վայրէջքից հետո և մեղադրվում է հարբեցողության մեջ, ասված է Սենտ Ջոզեֆի շրջանի Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ, որը ներկայացվել է հինգշաբթի:

Մեղադրական փաստաթղթում, որը ներկայացրել է դատախազի գլխավոր տեղակալ Էրիկ Թամաշասկին, ասվում է, որ Մարչի՝ թռիչքի ժամանակ հարբած լինելը «մեծ սպառնալիք է եղել այլ մարդկանց կյանքի համար»:

Air Wisconsin ավիաընկերությունն ավելի ուշ հայտարարել է, որ բորտուղեկցորդուհին այլևս իրենց մոտ չի աշխատում:

«Մենք կշարունակենք համագործակցել տեղական իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում կօգնենք նրանց»,- ասված է ընկերության գրավոր հայտարարության մեջ:

Թռիչքի ուղևորներից մեկը CNN-ի հետ զրույցում ասել է, որ նկատել է, որ բորտուղեկցորդուհին չի կարողանում պահել իր հավասարակշռությունը: Նրա խոսքով՝ Մարչը խուսափել է ուղևորների աչքերի մեջ նայելուց և նրա պահվածքը  չափազանց տարօրինակ է թվացել։ 

Air Wisconsin ավիաընկերությունից հայտնել են, որ զրոյական հանդուրժողականությամբ են վերաբերում նման դեպքերին:

«Մեր բոլոր աշխատակիցները համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին, և մենք  զրոյական հանդուրժողականությամբ են վերաբերում թռիչքների ժամանակ ալկոհոլի օգտագործմանը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: