Չինաստանի արևելյան ափերին մոլեգնող «Լեկիմա» թայֆունը չի հանդարտվում. տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

14:48 • 11.08.19

Չինաստանի արևելյան ափերին վրա հասած «Լեկիմա» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 18 բնակիչ դեռևս անհետ կորած են համարվում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ կիրակի հրապարկել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ընդհանուր առմամբ, արևադարձային ցիկլոնի պատճառով խախտվել է ավելի քան 5.3 մլն մարդու բնականոն կյանքը: Տարերային աղետի հարվածի պատճառով ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված է եղել տարհանվել առավել անվտանգ վայրեր:

Հաղորդվում է, որ հորդառատ անձրևներն ավելի քան 185 000 հեկտար գյուղատնտեսական տարածք են հեղեղել, շուրջ 36 000 բնակելի կառույց վնասվել է ուժեղ քամուց: Անմիջական տնտեսական վնասը ներկա պահին գնահատվում է մոտ 15.7 մլրդ յուան ($2,24 մլրդ):

«Լեկիմա» հզոր թայֆունը Չժենցզյան նահանգի ափերին մոլեգնում է շաբաթ գիշերվանից: Այդ պահին քամու ուժգնացումը կազմել է 50 մ/վայրկյան:

Յանցզի գետի հովտում թայֆունի պատճառով մեկ օրից ավելի խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը, տարածաշրջանում հետաձգվել կամ չեղարկվել են հազարավոր ավիաչվերթներ:

Շանհայը նույնպես զգացել է արևադարձային ցիկլոնի ազդեցությունը: Ուժեղ քամով և անձրևներով պայմանավորված իշխանությունները ժամանակավորապես ստիպված են տարհանել ավելի քան 250 000 մարդու: