Լիբիայում ականապատ մեքենայի պայթյունից ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելության աշխատակիցներ են զոհվել

11:52 • 11.08.19

Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում շաբաթ ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով ՄԱԿ-ի 3 աշխատակից և այլ առաքելության ևս 2 անդամ է մահացել:  

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանը, հարձակումը տեղի է ունեցել, երբ ՄԱԿ-ը հրադարարի բանակցություններ էր վարում մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ արևելքում գործող Լիբիական ազգային բանակը հանկարծակի հարձակում էր իրականացրել ապրիլին՝ կրկին քաոսային իրավիճակ ստեղծելով երկրում 2011-ին Մուամար Քադաֆիի տապալումից հետո: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը դատապարտել է հարձակումը: Ավելի ուշ կազմակերպության ներկայացուցիչ, գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահական միջոցառումների գծով օգնականը նշել է, որ ՄԱԿ-ը չի հեռանալու Լիբիայից:   

Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սպանվածներից երկուսը ՄԱԿ-ի Լիբիական առաքելությանն ուղեկցող թիկնապահներն էին: Նրա խոսքով՝ ևս 10 մարդ վիրավորվել է: