Բարոյական չէ իրեն սպիտակեցնելու համար մյուսներին մեղադրել, այն դեպքում, երբ իր ատենախոսությանը 2 հոգի բացասական կարծիք են տվել․ Ա․ Կարախանյանը՝ Ռ․ Հայրապետյանի հայտարարությունների մասին

17:15 • 12.08.19

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արմեն Կարախանյանը ծանոթ է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին, թե իրենց ընդդիմադիր դասախոսները միտումնավոր են դասախոսների մրցութային կարգից միայն լեզուներ իմանալու չափանիշը շեշտում։

Կարախանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք միայն այդ դրույթը չեն թիրախավորել, բայց նկատեց, որ 13 հարցից 3-ը լեզուների իմացությանն են վերաբերում: Նրա կարծիքով՝ ռեկտորի պաշտոնակատարը  նման հայտարարություններով ցանկանում է հանրային ուշադրությունը շեղել կարևոր հարցերից։

«Հասկանալու համար խորհուրդ կտամ ուսումնասիրել ու հասկանալ, որ այդ չափանիշների մեծ մասը չունեն հստակ չափորոշիչներ, չունեն հստակ սահմաններ, սուբյեկտիվիզմի ու կոռուպցիայի տեղ են թողնում։ Չափանիշներից միայն մեկը՝ գիտական աստիճան ունենալն է վերաբերում դասախոսների մասնագիտական հմտություններին։ Նա նշել է վերապատրաստումների խնդիրը, բայց օրենքով վերապատրաստումների խնդիրը դրված է բուհերի վրա, իսկ դասախոսների պարտավորությունն է մասնակցել այդ վերապատրաստմանը։ Եթե բուհը վերապատրաստում կազմակերպված լիներ, իսկ մենք չգնայինք, այդ դեպքում, այո, ինքը ճիշտ կլիներ, բայց բուհը դա չի արել։ Ավելին ասեմ՝  նոր ընդունած դասախոսները վերապատրաստվա՞ծ դասախոսներ են»,- ասաց նա։

Արմեն Կարախանյանը շարունակում է պնդել՝ ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգն ամբողջությամբ օրենքի և կրթական գործընթացի տրամաբանությանը հակասում են։  Նրա կարծիքով՝ վերոնշյալ փաստը Ռուբեն Հայրապետյանը չի կարող հերքել, հետևաբար պետք է մարդկանց ուշադրությունն այլ բանի վրա շեղի։

«Խոսեց էլ մասնագիտական ստաժի մասին՝ նկատելով, որ իր ստաժի հիման վրա է նշանակվել ռեկտորի պաշտոնակատար։ Ինքը նկատի ունի իր դասախոսակա՞ն  ստաժը, եթե այո, ապա մեխանիկորեն ինքը բոլոր դասախոսներին 1 միավոր պետք է տար։ Իր մասնագիտությունը կառավարում է, որպեսզի ինքը մասնագիտական ստաժ ունենա որպես կառավարիչ, ինքը պետք է կառավարչի ստաժ ունենա, եթե չունի, ապա  ինքը մրցույթի ժամանակ ավտոմատ մեկ միավոր պետք է տար դասախոսներին: Մրցույթին հաշվի չի առնվել ո՛չ հրապարակումները, ո՛չ ուսումնական ձեռնարկի ու դասագրքերի հեղինակ լինել, ո՛չ դասախոսական աշխատանքային փորձը»,- շարունակեց Կարախանյանը։

Վերջինս չի հասկանում, թե ինչ էր ցանկանում ասել ռեկտորի պաշտոնակատարը, երբ հայտարարեց, թե շատերի ատենախոսությունները, հոդվածները զրոյական արժեք ունեն տնտեսագիտության համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ինքն ամենևին դեմ չէ արդիականացմանն ու զարգացմանը։

«Ի՞նչ է ցանկանում ասել, որ միայն իրենն է արժեքավոր։ Եթե այդքան արժեքավոր էր, ապա իր գաղտնի ընդդիմախոսների կարծիքներն ինչո՞ւ էին այդքան կոշտ։ Ասված է, որ 6 նորություն էլ հանրահայտ մտքեր են՝ վերցված արտասահմանյան գրականությունից կամ առ ոչինչ են, մեկն էլ գրում է, որ պետք չէր այդքան ջուր ծեծել, որ հեծանիվ հայտնաբեր։ ԲՈԿ-ի կանոնադրության համաձայն՝մեկ ընդդիմախոսի բացասական կարծիքի դեպքում պետք է հետ գար ատենախոսությունը։ Դատավոր չեմ, որ դատեմ, թե ումն է արժեքավոր ատենախոսություն, ումը՝ ոչ, իսկ ինքը բոլորին մեղադրում է միայն նրա համար, որ իրեն սպիտակեցնի, սա բարոյական չեմ համարում։ Ի դեպ, ինքը դեռ միջազգային ամսագրերում չի տպագրվել, իսկ կտպագրվի, թե՝ ոչ, դեռևս կտեսնենք»,- ընդգծեց դասախոսը։

Տնտեսագիտության թեկնածուն նաև նկատեց, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից շատ է շահարկվում դասախոսություններ թելադրելու խնդիրը, բայց անձամբ վստահ է, որ ռեկտորը չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Նա պնդեց՝  դասախոսություն կարդալն ամբողջ աշխարհում կա։

«Եթե ինքն ասում է, որ 80 րոպե թելադրություն կարդացող դասախոս կա, թող ընտրի իր շրջապատից, որոնց պահել է դասախոս, որ մատը գրքին դրած կարդում են։ Կամ հիմա ասում են սլայդերի միջոցով, ի՞նչն են փոխել, արդյունքն այն է, որ իրենք սլայդից կարդում են, իսկ ուսանողն արտագրում է, սրանից բա՞ն է փոխվում։ Եթե մի բան մերժում ես, նորը պիտի առաջարկենս։ Իմ դասերին 5-10 րոպե գրառում են անում, հետո բացատրում եմ, հարցնում, խոսում և այլն։ Իր ընկերներից մեկը պլաստիլինով զինվոր է սարքել տալիս դասի ժամին, եթե դա լավ ձև է, թող դնեն, որ միջազգային փորձ է, հիմա զինվոր սարքելով ենք տնտեսգիտություն սովորեցնելու։ Մեր հասարակությունը տուժել է նրանից, որ միշտ մերժում է ինչ-որ բան, բայց տեղն առաջարկ չի անում»,- շարունակեց նա։

Արմեն Կարախանյանը չի հերքում, որ կարող են լինել նաև ոչ կոմպետենտ դասախոսներ՝ թե՛ բողոքողների, թե՛ մնացողների մեջ։ Ըստ նրա՝ ժամանակին այդ այդ մարդկանց հետ պետք էր ճիշտ վարվել՝ բացատրել սխալը կամ աշխատանքից ազատել։ Նա շեշտեց, որ իր համար կարևոր է օրենքի գերակայությունը, այսինքն՝ ինչ արվում է, լինի բացառապես օրենքի շրջանակում, ինչքն այսօր չի տեսնում։

«Ես մինչ այս դժգոհության ալիքն իրեն ասել եմ, որ անի ամեն բան օրենքի սահմանում, ավելին, եթե ես խանգարեմ նրան, ազատման դիմում կգրեմ, միայն ամեն ինչ լինի օրենք սահմանում»,- հավելեց Կարախանյանը։

Դասախոսը մրցույթի չի մասնակցել, սակայն հույս ունի, որ սեպտեմբերին ինքն է աշխատանքի գնացողը լինելու։

 

ՀեղինակԱնի Օհանյան