9 կին լեգենդար տենոր Պլասիդո Դոմինգոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար
Լեգենդար իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյին 9 կին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար, հայտնում է Associated Press-ը:
Բոլոր կանայք աշխատել են երգչի հետ: Մեղադրող կանանցից 8-ը երգչուհի են, մեկը՝ պարուհի:
Նրանց խոսքով՝ 1980-ականներից սկսած Դոմինգոն իր գործընկերների հանդեպ անվայել պահվածք է դրսևորել: Բոլոր կանայք վստացնում են, որ Դոմինգոն «միշտ ինչ-որ կերպ դիպել է իրենց» և միշտ բռնի կերպով համբուրել է շուրթերը: Նրանք նաև վստահեցնում են, որ արտիստի հետ շփումից հրաժարվելն ազդել է իրենց կարիերայի վրա:
Ինքը՝ երաժիշտը հայտնել է, որ ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում անհարմարություն է պատճառել, և վստահեցրել է, որ չի ցանկացել դա: Նա նաև ասել է լրագրողներին, որ խոստովանում է՝ այն կանոններն ու չափանիշները, որոնցով մենք ապրում ենք այսօր, խիստ տարբերվում են այն կանոններից ու չափանիշներից, որոնք կային անցյալում:
Պլասիդո Դոմինգոն աշխարհի ամենահայտնի տենորներից մեկն է: Առ այսօր Դոմինգոն կատարել է ավելի քան 128 օպերային դեր՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։











