Այնպես է գրված, որ կուզես, դրական կհասկանաս, կուզես՝ բացասական. Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման փորձաքննության արդյունքներից

21:25 • 14.08.19

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված փորձաքննության արդյունքները միանշանակ չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Փորձաքննության արդյունքները միանշանակ չեն. գրված է ռիսկերի մասին, գրված է այն մասին, որ պետք է բարելավվել: Մյուս կողմից խոսվում է նաև այն մասին, որ մի շարք գործոններով ազդեցություն չունի շահագործումը Ջերմուկի վրա»,- ասաց Կ. Դանիելյանը:

Բնապահպանն ընդգծեց, որ Լիդիանը գումարներ է ծախսել, պայմանագիրն այնպես է կառուցված, որ նրանք կդիմեն միջազգային դատական ատյաններ ու մեծ գումարներ կկորզեն Հայաստանից չշահագործելու դեպքում: Արդյունքում, ըստ նրա, «ծուղակի մեջ ենք հայտնվել»:

Նա նշեց, որ պետք է ուսումնասիրել, թե որքանով է եզրակացությունը մասնագիտական, ովքեր են եղել ուսումնասիրողների թվում, արդյոք եղե՞լ են փորձագետներ, թե՞ ոչ: «Ինձ համար մեր մասնագետների եզրակացությունը, մտահոգությունը շատ ավելի ընդունելի է»,- հավելեց նա:

Ամեն դեպքում, Կարինե Դանիելյանը նշեց, որ դժվարանում է ասել՝ եզրակացությունը կազդի կառավարության դիրքորոշման վրա, թե ոչ. «Որովհետև այնպես է գրված, որ ոնց ուզես կհասկանաս, կուզես, դրական կհասկանաս, կուզես՝ բացասական, կուզես, ռիսկերը կտեսնես, կուզես, չես տեսնի»:

Բացի այդ, նա նշեց, որ «կառավարության վրա դրսից ճնշումներ կան»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: 

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: