Ջերմուկում հավաք ու երթ է ընթանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. պահանջում են հանդիպում մարզպետի հետ (տեսանյութ, լրացված)
22:39
«Մինչև այժմ ասել ենք, որ Ջերմուկ քաղաքի բնակչությունն ու ամբողջ խելամիտ հայությունը Ամուլսարի հարցում իր որոշումը կայացրել է, ու ցանկացած փորձաքննություն չի ազդելու մեր որոշման վրա: Մեր որոշումն անփոփոխ է, Ամուլսարը սար կմնա»,- հավաքի ժամանակ հայտարարեց Ջերմուկի բնակիչներից Շիրակ Բունիաթիանը:
Բողոքի մասնակիցների խոսքով՝ փորձաքննությունը կատարած ընկերությունը լիբանանյան է, որը մի քանի նավթահոր է փորձաքննության ենթարկել և ոսկու հանքերի հետ աշխատելու փորձ չունի:
22:16
Ջերմուկում, ի պաշտպանություն Ամուլսարի, հավաք ու երթ է ընթանում:
Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:
Հավաքվածները ուղիղ եթերի ժամանակ հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի մամուլի ասուլիսից հետո բնակչության շրջանում անորոշ վիճակ և լարվածություն է առաջացել:
Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառ հրապարակից ավտոերթ սկսվեց: Ներկաները պահանջում են մարզպետի ներկայությունը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:










