Ցուցարարների երկօրյա շրջափակումից և ոստիկանների հետ բախումներից հետո Հոնկոնգի օդանավակայանը վերահսկողության հատուկ ռեժիմ է սահմանել

21:39 • 14.08.19

Հոնկոնգի օդանավակայան այժմ կարող են մուտք գործել միայն առաջիկա 24 ժամվա ընթացքում կայանալիք թռիչքի տոմս և անձը հաստատող փաստաթուղթ ունեցող անձինք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աշխարհի ամենածանրաբեռնված օդակայաններից մեկի մամլո ծառայությանը:

Վերահսկողության հատուկ ռեժիմը սահմանվել է չորեքշաբթի, քանի որ նախորդ երկու օրերի ընթացքում օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել ցուցարարների պատճառով, որոնք շրջափակել էին թռիչքների և ժամանումների սրահները: Հատուկ ռեժիմը կգործի մինչև այն չեղարկելու մասին տեղեկության հրապարակումը:

Օդանավակայանի ղեկավարությունն ուղևորներին խորհուրդ է տալիս ժամանել թռիչքից երեք ժամ առաջ:

Չորեքշաբթի օդակայանի վարչակազմը ստացել է ցույցերի և հանրահավաքների անցկացումն արգելող դատավճիռը:

Նշվում է նաև, որ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են գրանցվել: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Հոնկոնգում բնակիչներն ամիսներ շարունակ իրենց բողոքն են հայտնում՝ ընդդեմ իշխանությունների ընդունած օրենքի, որի համաձայն Չինաստանում քրեական հետապնդման ենթակա անձինք պետք է արտահանձնվեն Հոնկոնգից: