«Այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն». Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևոր (տեսանյութեր)

10:26 • 15.08.19

ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավի ուղևորը մանրամասներ է պատմել միջադեպից: Նա նշել է, որ ինքնաթիռի շարժիչը մի քանի անգամ պայթյունի ձայներ է հանել, ինչից հետո օդանավը սկսել է ընկնել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 
Նա գրառում է արել սոցցանցում վթարային վայրէջքից անմիջապես հետո:

«Կանգնած ենք դաշտում, տուժածներ կան, մի տղայի ձեռքն է կոտրվել… Շարժիչը մի քանի անգամ պայթյունի ձայն հանեց, ու մենք սկսեցինք ընկնել: Ես բռնել էի խաչս, այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն»,- գրել է ուղևորը թվիթերյան էջում:

«Մեզ տարհանում են, ընկերնե՛ր, ես երախտապարտ եմ օդաչուներին ոչ պակաս, քան Աստծուն»,- հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:

Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:

Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:

Մյուս ուղևորներին ավտոբուսներով կտեղափոխեն օդանավակայան:

 

Դեպքի վայրից տեսանյութը կարող եք դիտել այստեղ: