Նիկոլ Փաշինյանին այս ձեռքերով ձայն ենք տվել, ինչո՞ւ են կտրում այդ ձեռքը. բողոքի ակցիայի մասնակից որսորդը՝ կառավարության առաջարկած փոփոխությունների մասին
Պարոն Նիկոլ Փաշինյանին ենք ուզում դիմենք, որովհետև իր նախարարները չեն կարողանում գործել: Այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ նշեցին որսորդները: Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ որսի համար լիցենզիա ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդներն այսուհետ պետք է վճարեն 17 040 դրամ։ Ըստ որոշման` նաև միայն հանգստյան՝ շաբաթ-կիրակի օրերին է թույլատրվում որս անել։
«Բարելավում պետք է ապրենք, բայց 8 հազարը դարձավ 17 հազար, էդ ո՞ւմ հաշվին դարձավ»,-ասաց որսորդներից մեկը:
Ինչ վերաբերում է միայն շաբաթ ու կիրակի որսը թույլատրելուն, նա ասաց. «Նախարարը տունը նստած է շաբաթ-կիրակի, իսկ ես շաբաթ-կիրակի պախատ եմ անում, որ իրենք աթոռին նստեն»:
Նա կոչ արեց վարչապետին որևէ բանով օգնել: «8 հազարից դարձավ 17 հազար: 4-5 տարի առաջ ինչպես եղել է, այնպես պետք է մնա: Գնացե՛ք, որսագողության դեմ պայքարեք»,-ասաց նա:
Մեկ ուրիշ որսորդ էլ նշեց, որ 90-ական թվականներին որսորդների շնորհիվ մեր հայրենիքի սահմանները պահվեցին:
«Շատ սահմանափակ հնարավորության մարդիկ են որսորդները, բայց ունեն մեծ ուժ: Դուք կպնում եք այդ ուժին, խարխլում եք պետության արմատները: Նիկոլ Փաշինյանին այս ձեռքերով ձայն ենք տվել, ինչու ես կտրում այդ ձեռքը: Խելքի եկեք»,-ասաց նա:










