«Ես հպարտ եմ, որ չինացի եմ». Ջեկի Չանն իր մտահոգությունն է հայտնել հայրենի Հոնկոնգում ստեղծված քաոսային իրավիճակի առնչությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում ծնված դերասան, կինոռեժիսոր, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող Ջեկի Չանն իր հայրենիքում ստեղծված քաոսային իրավիճակի վերաբերյալ հարցին պատասխանելիս աջակցություն է հայտնել Կոմունիստական կուսակցությանը, ինչպես նաև Պեկինի վարած քաղաքականությանը, գրում է Daily Mail-ը:
65-ամյա դերասանի խոսքով՝ Հոնկոնգում տեղի ունեցող վերջին իրադարձությունները «կոտրում են իր սիրտը»: Նա կոչ է արել հանրությանը միանալ իրեն՝ Չինաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում:
Մարտարվեստների վարպետը, որը հայտնի է Պեկինի վարած քաղաքականությանն աջակցող դիրքորոշմամբ, Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ին տված հարցազրույցի ժամանակ խախտել է ժողովրդավարությանն աջակցող բողոքի ակցիաների մասին լռությունը:
Չանն ընդգծել է, որ աջակցում է CCTV հեռարձակողի «հայրենասիրական արշավին», որը մարդկանց մեջ իրենց սեփական դրոշը սիրելու նախաձեռնությամբ է հանդես գալիս:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախաձեռնությունը, որը կոչվում է «Հինգաստղանի կարմիր դրոշն ունի 1,4 միլիարդ պահապան», մեկնարկել է այն բանից հետո, երբ մի շարք ցուցարարներ օգոստոսի 3-ի հանրահավաքի ժամանակ չինական դրոշը նետել էին Վիկտորիա նավահանգիստ:
Բացատրելով, թե ինչու է նա այդքան ոգևորությամբ վերաբերում նախաձեռնությանը, դերասանն ասել է. «Ես նույնպես դրոշի պահապաններից մեկն եմ: Նման քարոզարշավի մասնակցելու միջոցով հույս ունեմ արտահայտել մեր հավաքական ձայնը»:
Դերասանը հավելել է նաև, որ վերջին տարիներին շատ երկրներում է եղել, սակայն իր երկիրն ամենաարագն է զարգանում:
«Որտեղ էլ լինեմ, շատ եմ հպարտանում իմ երկրով: Ես սիրում եմ իմ երկիրը: Ես սիրում եմ իմ հայրենի քաղաքը: Ես հպարտ եմ, որ չինացի եմ»,- հայտնել է Չանը:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:












