Վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմին ժամանակավորապես հեռացրել են թռիչքներից
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի անձնակազմին, որն այսօր առավոտյան վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում, ժամանակավորապես հեռացրել են թռիչքներից՝ ստուգումների անցկացման փուլում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
«Անձնակազմի անդամներին ժամանակավորապես հեռացրել են թռիչքներից, մինչև ստուգման ավարտը։ Դա ընդունված ընթացակարգ է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:
Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:
Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:
Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ, տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:










