Ամուլսարի հարցով ՔԿ-ի ներկայացրած փորձաքննությունը չի կարող կառավարության որոշման համար հիմք դառնալ․ բողոքի ակցիայի մասնակից իրավաբան

10:36 • 15.08.19

12։40


Իրավաբան Նազելի Վարդանյանը Կառավարության դիմաց ասաց, որ Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությունը չի կարող հիմք դառնալ կառավարության որոշման համար, որովհետև այդ փորձաքննությունն արված է քրեական հետապնդման հարցը պարզելու համար:

Իրավաբանի խոսքով՝ այդ փորձաքննության մեջ հաշվի չեն առնվել նոր հանգամանքները: նա տեղեկացրեց, որ Ջերմուկի եւ Գնդեվազ գյուղի 19 բնակիչներ դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով նոր հանգամանքները նկատի ունենալով ուժը կորցրած ճանաչել մշակման թույլտվության տրամադրման մասին փաստաթուղթը:


12։00

Բնապահպան Բաբկեն Հարությունյանի պնդմամբ՝  Ամուլսարի հանքի հարցով եզրակացություն ներկայացրած «Էլարտ» ընկերությունը կապված է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հոր հետ, ով Լիբանանի վարչապետի խորհրդականն է եղել։ Հիշեցնենք, որ «Էլարտ» ընկերությունը լիբանանյան է։

11:53

Կառավարության դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնողներից մեկը նշեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր փաստաթղթերում գրել է, որ պատրաստ է մոտավորապես 34 մլն դոլար հատկացնել 5 տարվա կտրվածքով հանքերում անհրաժեշտ հետագա գործողություններ իրականացնելու համար: Սակայն երեկ ներկայացված ուսումնասիրություններում նրանք գրում են, որ սա ընդունելի տարբեր չէ և ամենաքիչը պետք է հաշվարկվի 30 տարվա համար:

«Մոտավոր հաշվարկներով՝ այն կազմելու է 80-90 մլն դոլար: Այսինքն՝ 3 անգամ նվազեցված է իրական ծախսերը 30 տարվա համար: Բայց իրականում այդ գործընթացի համար 30 տարի պետք չէ, այլ առնվազն՝ 200-300 տարի: Հիմա, եթե բազմապատկենք այդ ծախսը, կստանանք ոչ թե 80-90 մլն դոլար, այլ 400-500 մլն դոլար: Այս թվերի մասին ոչ մի տեղ գրած չէ, այսինքն՝ որևէ փաստաթղթում գրված չէ, որ ինչ-որ մեկը 50 տարի հետո պարտավոր է ջրերի աղտոտումը կանխարգելի, որոնք կարող են հայտնվել Կեչուտի ջրամբարում, Որոտան գետում և այլն: Եթե այս ամենը թույլատրվի, ապա 50 տարի հետո մենք պետք է ծախսենք այդ գումարները, որ կատարենք այդ գործողությունները, սակայն հարց է՝ կկարողանա՞նք, թե՞ ոչ»,-նշեց նա:

Բողոքի ակցիայի մասնակիցը շեշտեց, որ ներկայացված փաստաթուղթը փորձաքննության արդյունքներ չեն, այլ «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաթղթերի ուսումնասիրությունն է:

«Այս ուսումնասիրություններով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ կազմված է եղել թերի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում): Եթե այս ձևով հանքավայրը շահագործվեր, ապա ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն ունենալու էին լուրջ խնդիրներ»:

11:31

ՀՀ կառավարության դիմաց շարունակվում է բողոքի ակցիան ի պաշտպանություն Ամուլսարի: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն անդրադարձավ երեկ հրապարակված փորձագիտական հետազոտության արդյունքներին՝ այն անվանելով մանիպուլյացիա:

Բողոքի մասնակիցն ընթերցեց փորձագիտական եզրակացությունից մի հատված.

«Հաշվի առնելով Ամուլսարի գտնվելու վայրը, դրա աշխարհագրական դիրքը, հարակից բնակավայրերն ու առողջարանային հանգստավայրերը՝ կարո՞ղ է, արդյոք, բաց հանքով շահագործելը, տարլվացման կույտի և ապարների լցակույտի առկայությունը համարվել անվտանգ, եթե ոչ, ապա ինչպիսի՞ բնապահպանական վնաս կարող է այն առաջացնել:

Պատասխան՝ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի, հետևաբար հարցին՝ արդյոք հանքավայրում շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել:

Սա գրել է փորձագիտական խումբը: Հիմա ես ուզում եմ հարցնել՝ եթե հնարավոր չէ պատասխանել, ու այդ վերլուծությունները անվստահելի են, և գնահատումները թերի են, ապա ինչպե՞ս է քննչական խմբի ներկայացուցիչը մի ամբողջ ժողովրդի հայտարարում, որ այս ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ոչ մի խնդիր չկա»:

10:14

Ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում ՀՀ կառավարության դիմաց: Երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հայտարարեց, որ հանքի շահագործման կամ դրա արգելքի վերաբերյալ որոշումը կայացնելու է կառավարությունը:

ՔԿ-ն պարզապես հայտնում է, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման հիմքեր չկան:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածը սահմանում է՝ պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը: 

Երեկ միաժամանակ բողոքի ակցիա ու երթ է տեղի ունեցել Ջերմուկում: Ակցիայի մասնակցիներն ասում էին, որ ցանկացած փորձաքննություն չի ազդելու իրենց որոշման վրա, և Ամուլսարը սար է մնալու: