«Վնասը լուրջ է, սակայն գլխավորն այն է, որ բոլորը ողջ-առողջ են». А321-ի վթարային վայրէջքն «ընդունած» եգիպտացորենի դաշտի տերը խոսել է միջադեպի ու կրած վնասների մասին
Եգիպտացորենի դաշտում, որտեղ այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող օդանավը, աճող բերքը նախատեսված է ձմռանն անասուններին կերակրելու համար: Այդ մասին ռուսական РЕН ТВ-ին պատմել է հողատարածքի սեփականատեր Սերգեյ Դոլժիկովը:
«Վնասը գնահատելու հնարավորություն դեռ չկա, չեն թողնում դեպքի վայրին մոտենալ, սակայն կարծում եմ, որ լուրջ բան է: Երբ օդանավն այնտեղից տանեն, դաշտը կավերեն ամբողջությամբ: Պետք է մտածել՝ ինչով կերակրել անասուններին ձմռանը»,- ասել է նա:
Սակայն ամենագլխավորն, ըստ նրա, այն է, որ այս միջադեպն ավարտվել է առանց զոհերի:
«Գլխավորն այն է, որ բոլորը ողջ ու առողջ են»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:
Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:
Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:
Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:










