Հայոց պատմության դասագրքի բովանդակություն է քննարկվում, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ. Արայիկ Հարությունյան

14:44 • 15.08.19

Հայոց պատմության դասագրքի բովանդակությունն է քննարկվում: Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում, հիմա քննարկվում է: Իսկ մնացած բովանդակային հարցերի հետ կապված ասել եմ, որ չափորոշիչներ ու ծրագրեր են քննարկվում, որն ավելի երկար գործընթաց է», - մանրամասնեց Հարությունյանը:

Հարցին՝ մասնագետների անհամաձայնությունները կապված են «Մարտի 1-ի» դեպքերի ներկայացման հետ, նախարարը պատասխանեց. «Ե՛վ «Մարտի 1-ի», և՛ ընտրությունների հետ կապված, և՛ քաղաքական գնահատականների հետ կապված»:

Նախարարը չհերքեց, որ վերոնշյալ իրադարձություների ներկայացման հետ կապված հայոց պատմության գրքերում վիճելի հարցեր ու ձևակերպումներ կան, սակայն շեշտեց, որ բովանդակային առումով շատ մանրամասներ չի կարող ներկայացնել: Նրա խոսքով՝ գրքերում «Մարտի 1-ը» շարադրելու հետ կապված խնդիր կլինի, քանի դեռ «Մարտի 1-ի» գործով քրեական գործը շարունակվում է:

«Թույլ չեմ տվել առայժմ պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ դասագրքերի ուշ տպագրությունը չի ազդի դասապրոցեսի վրա:

«Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են 2-րդ սեմեստրում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին», -եզրափակեց Արայիկ Հարությունյանը: