Բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք քննարկեն. Ա. Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի դասախոսի՝ խաչապուրի ուտելու դրվագի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՊՏՀ դասախոսի՝ խաչապուրի ուտելու հետ կապված դրվագն ու դրա շուրջ բարձրացված աղմուկը: Նա կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, թե դա բուհի ներքին հարցն է:
«Ասենք՝ նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք քննարկեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հարցին՝ եթե մանր հարցերն են, ապա ինչու է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը աղմուկ բարձրացնում, նախարարը կարճ պատասխանեց. «Կարծում եմ՝ ռեկտորին տվել եք այդ հարցը»:
Ինչ վերաբերում է ՀՊՏՀ-ում դասախոսների բողոքներին, նախարարը շեշտեց, որ հարցը համապատասխան կառույցների կողմից ուսումնասիրվում է, որոնք եզրակացություն կտան ու որոշում կլինի:
«Այդ խնդիրները չեն ազդի սեպտեմբերի 1-ին մեկնարկող դասապրոցեսի վրա: Մենք չենք թողնի, որ խնդիրները դուրս գան օրենքի ու իրավունքի դաշտից» ,-ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսին հայտնել էր քննության ժամանակ դասախոսի՝ խաչապուրի ուտելու մասին:










