ՀԱՀ-ում հանգուցյալի հարազատները այրել են երեք բնակարան` ծիսական սպանության կասկածանքով

01:49 • 15.08.19

Հարավաֆրիկյան Հանրապետության Լիմպոպո շրջանում հուղարկավորությունն ավարտվել է բնակարանների հրդեհով: Ինչպես հայտնում է News24-ը, հանգուցյալի հարազատները նման քայլի են դիմել, երբ հայտնաբերել են, որ դիակի վրա բացակայում են սեռական օրգանները:

Նշվում է, որ 69-ամյա Ջեյմս Մահուբելեի մահը վրա էր հասել ավտովթարի հետևանքով: Հարազատների ուշադրությունից չէր վրիպել այն փաստը, որ տուժողի տաբատը պատված է եղել արյունով, սակայն նրանց թույլ չեն տվել զննել մարմինն ու այն միանգամից տեղափոխել են ոստիկանություն, ապա` դիահերձարան:

Թաղման արարողության ժամանակ են միայն հարազատները նկատել հանգուցյալի սեռական օրգանների բացակայությունը: Նրանք կասկածել են, որ ավտովթարը զուտ ծիսական սպանությունը կոծկելու միջոց է և որ Ջեյմսի մարմինը մահից հետո են նետել ճանապարհի վրա:

Բարկացած հարազատներն այրել են երեք բնակարան, որոնցից մեկը պատկանում է այն անձնավորությանը, որին համարել են ենթադրյալ մարդասպան: Մյուս երկու բնակարաններն այդ մարդու օգնականներինն էին:

Ոստիկանության աշխատակից Մոատշե Նգոեպեն հայտարարել է, որ մարմնի կրկնակի զննում կկատարվի: Ենթադրվում է, որ Ջեյմսի մարմնի մասերը վաճառվել են կախարդների, որոնք մարդու սեռական օրգաններն օգտագործում են դեղ պատրաստելու նպատակով: