«Oդաչուներին Կրեմլում հերոս են համարում». Պեսկովը՝ A321-ի օդաչուներին պարգևատրելու հարցին ի պատասխան
Կրեմլում մեկնաբանել են Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի հետ կապված միջադեպը և հայտարարել, որ օդաչուներին ամենակարճ ժամկետներում կպարգևատրեն, գրում է ria.ru-ն:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետական պարգևները շնորհվում են երկրի ղեկավարի հրամանագրով:
«Երբ հերոսները ներկայացվեն պարգևների, սեղմ ժամկետներում կկատարվեն անհրաժեշտ ընթացակարգերը, դրանում ոչ մի կասկած չկա, և նրանք կպարգևատրվեն»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ օդաչուներին Կրեմլում հերոս են համարում:
«Եկեք շնորհավորենք միմյանց, շուտափույթ ապաքինում մաղթենք նրանց, ովքեր տուժել են, և շնորհավորենք այն հերոս օդաչուներին, որոնք ինքնաթիռի վայրէջքի շնորհիվ մարդկային կյանքեր են փրկել»,- ասել է նա:
Լրագրողները նաև խնդրել են նրան մեկնաբանել հաղորդագրություններն այն մասին , որ «Ժուկովսկի» օդանավակայանի մոտակայքում գտնվում է ապօրինի աղբանոց, որն էլ շատ թռչունների է գրավում, և որոնց երամին էլ բախվել էր ինքնաթիռը, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել էին:
Հարցին ի պատասխան մամուլի խոսնակը փոխանցել է, որ պատահարի բոլոր գործոնները պարզ կդառնան հետաքննությունից հետո, որը խոստանում է օպերատիվ լինել, քանզի ինքնաթիռի «սև արկղերը» պահպանվել են:
«Ամեն ինչ ունի իր ընթացակարգը: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել պատճառների մասին»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:










