«Պահանջը մնում է ուժի մեջ». ջերմուկցիները Ջերմուկում հանդիպում պահանջեցին վարչապետի հետ (տեսանյութ)

17:36 • 16.08.19

18:49

Ինչպես հեղափոխության ժամանակ քայլում էինք, և մեր կոչն էր՝ մենք ենք տերը մեր երկրի, այդ կարգախոսը այսօր ևս պետք է պահպանվի՝ մենք ենք տերը մեր երկրի:

Այս մասին ընդդեմ Ամուլսարի շահագործման հանրահավաքի ժամանակ ասաց Ջերմուկում իր հանգիստն անցկացնող քաղաքացիներից մեկը:

«Մենք ենք տերը մեր երկրի, և ոչ ոք դրսից իրավունք չունի ասել, թե մենք ինչ անենք, մենք պետք է պայքարենք մինչև վերջ, Լիդիանն իրավունք չունի թունավորել մեր սերունդներին, մենք պատասխան ենք տալու մեր սերունդների առաջ»,-ասաց քաղաքացին՝ նշելով, որ Ջերմուկը քաղաքացունն է, և էական չէ, թե իրենք որտեղ են ապրում:

18:27

Ջերմուկի խոշորացված համայնքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նրանք հայտարարեցին Ջերմուկն ընդդեմ «Ամուլսարի» հանքի շահագործման հանրահավաքի ժամանակ:
Նամակում գրված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Մենք՝ Ջերմուկի խոշորացված համայնքի բնակիչներս, որ մեկ տարուց ավելի մեր անմիջական, ֆիզիկական ներկայությամբ կասեցրել ենք Ամուլսարում ոսկու հանքի աշխատանքները, Ձեզ ենք դիմում հրատապ հանդիպման խնդրանքով: Կարևոր ենք համարում, որ տեղյակ լինեք այստեղ տիրող ճգնաժամային դրության մասին և անհապաղ քայլեր ձեռնարկեք դրա լուծման ուղղությամբ:

Հեղափոխությունից արդարացի ակնկալիքն այն էր, որ մեր ձայնը լսելի կդառնա, և Հայաստանի զարգացմանը սպառնացող Ամուլսարի ծրագիրն անմիջապես կդադարեցվի: Հասկանալով, որ ներկայի Կառավարությունը նախորդից ժառանգել է անթիվ-անհամար խնդիրներ, գիտակցելով նաև հանքարդյունաբերության խնդրի բարդությունը՝ մենք համայնքի ուժերով կասեցրեցինք հանքի աշխատանքները:

Եթե սա չարվեր, ծրագիրն անխուսափելիորեն մտնելու էր այնպիսի մի փուլ, որ անդառնալի հետևանքներ էր ունենալու թե՛ մեր համայնքի, թե՛ Հայաստանի համար: Սրանով մենք հնարավորություն ստեղծեցինք պետության համար՝ ժամանակ շահելու, ծանոթանալու այս բազմաշերտ խնդրի բոլոր կողմերին, գտնելու այս ճգնաժամի լավագույն լուծումը ժողովրդի համար:

Երկու օր առաջ հրապարակվեց նաև ՔԿ-ի ուսումնասիրությունը, որում նշված է «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի բազմաթիվ թերությունների և սխալների մասին, որի միակ օրինական հետևանքը պետք է լիներ «Լիդիան Արմենիա»-ին տրված թույլտվությունների դադարեցումը, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք վստահ ենք, որ Դուք կանգնած եք Ձեզ վստահող համայնքի կողքին և պաշտպանում եք հանրության շահերը, որոնք Ամուլսարի հարցում հակադրվում են կորպորացիաների շահերին: Վստահում ենք Ձեզ ու համոզված ենք, որ իրականության մասին իրազեկվածության դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու մասին որոշում:

Պարո՛ն վարչապետ, ցանկանում ենք հատուկ շեշտադրել, որ հանուն Ամուլսարի պահպանության պայքարը ընդգրկում է ամբողջ հայությանը: Ցավոք, Ամուլսարի պայքարը կարող են օգտագործել հակահեղափոխական ուժերը՝ հատուկ Ձեր գլխավորած Կառավարության և հեղափոխության ձեռքբերման դեմ: Մենք մինչև օրս առնչություն չենք ունեցել այդ ուժերի հետ, ավելի հետ ենք մղել նրանց կողմից մեր պայքարը շահարկելու փորձերը:

Մեզ համար շատ կարևոր է հանդիպել Ձեզ հետ: Խնդրում ենք, ինչպես խոսք էիք տվել դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի ընթացքում, գաք Ջերմուկ և մեզ հետ քննարկեք ՔԿ-ի ուսումնասիրության արդյունքները: Խիստ մտահոգիչ է, որ ոստիկանությունը «Լիդիան»-ի դիմումին ընթացք է տվել և մեր դեմ քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել:

Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներ՝ Ամուլսարի պահապաններ»:

18։00

Կա մեր կողմից ընտրված կառավարություն, բայց Ամուլսարի շահագործման դեմ պետք է պայքարել. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)

Ջերմուկում ընդդեմ Ամուլսարի շահագործման հանրահավաք է ընթանում, որի ընթացքում ելույթով հանդես են գալիս Ջերմուկի բնակիչներն ու այլ քաղաքացիներ:

«Այս հանրահավաքի բուն նպատակն է կանգնեցնել այն հրեշին, որը պետք է կործանի բոլորիս ու մեր երկիրը: Ինչ հանձնաժողով, ինչ մասնագետներ, որ կարծիք են հայտնել, թե հանքի շահագործումը ռիսկային չէ , մեր գլխին «լոլո» են կարդում, փորձում են համոզել, որ հանքի շահագործումը վնասակար չէ: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, հետաքրքրվել ենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Սա սկիզբն է Հայաստանի կործանման, մենք 90-ականներին 5 հոգով դուրս ենք եկել այստեղից՝ տարբեր ճանապարհներով, այսօր իմ ընտանիքի 14 անդամ այստեղ է: Մենք, հեղափոխությունից ոգևորված, վերադարձանք Հայաստան, դրսում գտնվող բոլոր հայերը մտահոգված են Ամուլսարի հարցով, մտահոգված են մեր հայրենի բնության ոչնչացման հացով»,-ասաց հանրահավաքի մասնակիցը:

Հանրահավաքի մասնակիցն ասաց, որ այնտեղ՝ օտար երկրում ապրելը հայերի ապագան չէ, չմտածեն, թե դրսում իրենց գրկաբաց են ընդունելու, չկա նման բան։

«Մեր տեղն այս է, բոլորս մեկ մարդու նման կանգնենք այս արհավիրքի դեմն առնենք, կա կառավարություն՝ մեր կողմից ընտրված է, բայց պետք է պայքարել սրա դեմ, համոզել, որ սա ճանապարհ չէ մեզ համար: Ամուլսարը հանք չի դառնալու»,-ասաց քաղաքացին:

17։36

Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառի հրապարակում քաղաքի բնակիչները դուրս են գալու և սպասելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Երեկ այս մասին իրազեկում են իրականացրել քաղաքացիները: Նրանք վարչապետից ցանկանում են ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ եթե Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված փորձաքննության արդյունքները դրական են, բայց բնակիչները, միևնույն է, դեմ են Ամուլսարի շահագործմանը, այդ դեպքում ի՞նչ է լինելու հետագայում:

Հիշեցնենք, որ երեկ ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա էր ընթանում ՀՀ կառավարության դիմաց: Նախօրեին Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: 

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ փորձագիտական խմբի գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի, հետևաբար հարցին՝ արդյոք հանքավայրում շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել: