Ամուլսարի հանքի շահագործումը միայն մեր խնդիրը չէ, ամբողջ հայության խնդիրն է. Ջերմուկի հատուկ գնդի անդամ (տեսանյութ)

18:39 • 16.08.19

Ջերմուկ համայնքում Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված հանրահավաքում ելույթ ունեցան «Ջերմուկի» հատուկ գնդի տղաները:

«Մենք այսօր հավաքվել ենք մեր ձայնը բարձրացնելու համայն հայությանը, սա միայն մեր խնդիրը չէ, ամբողջ հայության խնդիրն է: Եկեք այնպես անենք, որ ապագայում մեր ժառանգները առաքյալների երգը չերգեն` ուր էիր Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր»,-նշեց նրանցից մեկը և կոչ արեց միասնական լինել:

 Ելույթ ունեցողներից մեկը նշեց, որ Ջերմուկը կոչված է լինելու որպես սպասարկող քաղաք հանգստացողներին, տուրիստներին:

Ինչ վերաբերում է փորձաքննության արդյունքներին, նա ասաց. «Դա ուսումնասիրություն է, եզրակացություն չէ, և երբեք, ոչ մենք, ոչ մեր կառավարությունը չի կարող այդ ուսումնասիրությունը հիմք ընդունել և որոշել  ժողովրդի ճակատագիրը: Ես չեմ կարծում, որ մեր կառավարությունը պետք է այդքան միամիտ գտնվի և այդ եզրակացությունը բերի, փաթաթի ժողովրդի գլխին և ասի՝ ամեն ինչ «օքեյ» է, այնտեղ «օքեյ» ոչինչ չկա, իսկ մենք Լիդիանի աշխատակիցներին ասում ենք` օֆ քելեք»:

Իր խոսքը ուղղելով կառավարությանը՝ նա նշեց, որ ժողովուրդը վարչապետին շատ լավ է ճանաչում, իր հետ քայլել են և իր ներկայացրած ծրագրերը պաշտպանել և պաշտպանում են: «Այս ժողովուրդը նվիրված է ձեր գործին, ձեր ապագա նպատակին, ուստի դուք երբեք հուսահատ մի՛ արեք ժողովրդին, թող նա չկորցնի այդ հավատը»,-ասաց նա: