Քաղցկեղից մահացել է Նիդեռլանդների արքայադուստր Քրիստինան
Նիդեռլանդներում քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է արքայադուստր Քրիստինան: Այս մասին հաղորդում է France24-ը՝ նշելով, որ նա 72 տարեկան էր:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նա երկար ժամանակ պայքարել է ոսկրերի քաղցկեղի դեմ: Արքայադուստր Քրիստինան, որը թագուհի Յուլիանայի և արքայազն Բերնհարդի 4-րդ դուստրն է, գրեթե ամբողջովին կույր է ծնվել:
«Մենք վշտացած ենք մեր սիրելի քրոջ և մորաքրոջ մահվամբ: Քրիստինան մեծ սրտով վառ անհատականություն էր», - ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ 1975-ին արքայադուստրն ամուսնացել է կուբացի ուսուցիչ Խորխե Գիլյերմոյի հետ՝ հրաժարվելով գահը ժառանգելու իր իրավունքից: Նրանք երեք երեխա են ունեցել, սակայն 1996-ին ամուսնալուծվել են:
Պաշտոնական հաղորդման համաձայն՝ արքայադստեր մարմինը դիակիզելու են:










