Թել Ավիվից Կրասնոդար ուղևորվող չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել կարգազանց ուղևորի պատճառով

19:29 • 16.08.19

Թել Ավիվից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում ուղևորի պատճառով, որը փորձում էր գլխով կոտրել ինքնաթիռի պատուհանը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կարգացանզ ուղևորը ձերբակալվել է:

ՌԴ ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ տղամարդը «թռիչքի ժամանակ խախտել է հասարակական կարգը. իրեն ագրեսիվ է պահել, կոպիտ պատասխան է տվել անձնակազմի նկատողություններին՝ ոչ պատշաճ բառապաշար կիրառելով, ինչպես նաև փորձել է գլխով կոտրել պատուհանը»:

Կարգազանց ուղևորը Մուրմանսկի մարզի Կիրովսկ քաղաքի 32-ամյա բնակիչ է եղել: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ վարչական իրավախախտման մասին արձանագրություն են կազմել: Տղամարդուն կալանավորել են 5 օրով: