Հիվանդը մինչև Երևան կամ Թալին հասնելը մահանում է․բնակիչը բողոքում է՝ Արագածավանի շտապօգնության մեքենան չի սպասարկում (տեսանյութ)
Արագածավան գյուղի բնակիչ Վալենտին Սահակյանը կառավարության շենքի դիմաց իր բողոքներն էր ներկայացնում մարզում գործազրկության, շտապօգնության մեքենաներ չունենալու համար:
«Քաղաքը կեղտի մեջ կորած է: Մեր գյուղը ձեր Երևանից շատ ավելի մաքուր է: Ձեզ դիմելով ասում ենք՝ պարո՛ն վարչապետ, ելույթները ճիշտ նայեք, հետ տվեք ռեպորտաժներն ու տեսեք, թե քաղաքացին ինչքան դժգոհ է ձեզանից»,-ասաց քաղաքացին:
Քաղաքացին նշեց, որ աշխատատեղերի մասին մտածել է պետք: Թալինի ու Արագածավանի երկու գործարաններում միասին 30 աշխատող կա, որոնցից 4-5-ին արդեն կրճատել են:
Բնակչին անհանգստացնում է նաև շտապօգնության մեքենաների պակասը: Իր խոսքով մեկ մեքենան մեկ գյուղին բավարար է, բայց մեքենաները ուշ են հասնում, ինչի պատճառով մահ է գրանցվել:
«Շտապօգնության մեքենան մինչև հասնում է մեզ, հետո մինչև Երևան կամ Թալին, հիվանդը մահանում է: Մենք չենք ասում՝ չի գալիս, բայց գալիս է 3-4 ժամից: Գյուղը հիմա շտապօգնության մեքենա ունի, որը չի սպասարկում, նույնիսկ մեր բժշկին կարգադրություն կա, որ թույլ չտա մեքենան գյուղից դուրս գա: Ում համար է՝ չգիտեմ ».-ասաց նա:










