Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» Արցախի մասնաճյուղի հիմնադրման արարողությունը

12:03 • 22.08.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Արարողությունից հետո Նախագահն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին եւ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ՀՄԸՄ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը կարեւոր է համարել ՀՄԸՄ դերակատարությունը   երիտասարդության հայեցի դաստիարակության, նրանց ֆիզիկական եւ մտավոր կարողությունների զարգացման գործում՝ նշելով, որ մեծ սպասելիքներ ունի Արցախում կազմակերպության գործունեությունից: