Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով. Ա. Ջանջուղազյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

13:57 • 22.08.19

Լրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը,  անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով:

«Որևէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետև միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաև թերություն, և պետք է կշռվի ամեն ինչը, հավասարակշռված որոշման գալ, այսինքն՝ համակողմանիորեն հարցը դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով, որովհետև եթե այդպես լիներ, տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր և այս ընթացակարգը տեղի չէր ունենա»,-ասաց նա:  

Հարցին, թե անվերահսկելի տնտեսական ռիսկեր կարո՞ղ են լինել հանքի չշահագործման դեպքում, նախարարը նշեց, որ իրենց կանխատեսմամբ բյուջեի  մակրոտնտեսական շեղումների ռիսկ չկա:

Իսկ հարցին՝ եթե հանքը չշահագործվի, ինչ հարված կլինի, Ջանջուղազյանը նշեց, որ հարցը շատ հնչեղ է, թեև կունենա որոշակի ազդեցություն: «Ցանկացած տնտեսավարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ բյուջեի համախառն արդյունքի իմաստով և, հետևաբար, բյուջեի եկամուտների մասով, առանց բացառության որևիցէ տնտեսավարության, ողջունելի են: Պետբյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը և մակրոցուցանիշները և, հետևաբար, առաձին վերցրած որևէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ: Որևէ տնտեսվարող սուբյեկտի աշխատել-չաշխատելը չի կարող չունենալ, աշխատելու հետ կապված դրական սպասումներ է ձևավորում, պոտեցյալը աճեցնում, և հակառակը»,-ասաց նա: