«Բավ է, տղամարդի՛կ, ժամանակն է ձեր տեղը զիջել կանանց»․ Փիրս Բրոսնանը ցանկանում է Ջեյմս Բոնդի դերում կին դերասանուհի տեսնել

23:35 • 09.09.19

Իռլանդացի հանրահայտ դերասան Փիրս Բրոսնանը, որը Ջեյմս Բոնդի դերում հանդես է եկել 1994-ից 2005 թվականներին, հայտնել է, որ կցանկանար Ջեյմս Բոնդի դերում կին դերասանուհի տեսնել, գրում է People ամսագիրը։

«Արդեն 40 տարի է՝ ինչ հետևում ենք Ջեյմս Բոնդի տդամարդկանց կերտած կերպարներին, բավ է, տղամարդի՛կ, ժամանակն է ձեր տեղը զիջել կանանց։ Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր կստացվի»,- ասել էր դերասանը։

66-ամյա դերասանի կարծիքով՝ Բոնդի մասին պատմող ֆիլմերի դերակատարները պետք է փոխվեն #MeToo շարժմանը (սեռական ոտնձգությունների և սեռական բռնության դեմ շարժում) զուգընթաց։

«#MeToo  շարժումն արդիական է, կարևոր և անհրաժեշտ մեր հասարակության համար»,- հայտնել է դերասանը։

Նա նաև հայտնել է, որ «մեծ հպարտություն» է զգում Ջեյմս Բոնդի դերում հանդես գալու կապակցությամբ։

«Ջեյս Բոնդը սիրված հերոս է, որի մասին ինձ կհարցնեն մինչև կյանքիս վերջը։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ դերը խաղալը»,- The Hollywood Reporter-ին հայտնել է դերասանը։

Հիշեցնենք, որ Ջեյմս Բոնդի, կամ ինչպես հայտնի է կինոսերների շրջանում՝ գործակալ 007-ի մասին պատմող նոր «Մահանալու ժամանակ չկա» (No Time to Die) ֆիլմը հասանելի կլինի 2020 թվականի ապրիլի 3-ից։

Նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին:

 

«Բավ է, տղամարդի՛կ, ժամանակն է ձեր տեղը զիջել կանանց»․ Փիրս Բրոսնանը ցանկանում է Ջեյմս Բոնդի դերում կին դերասանուհի տեսնել