ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի մասին Արսեն Թորոսյանի հայտարարությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահում էր. հոգաբարձուների խորհրդի նախագահ (տեսանյութ)
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների կողմից տարբեր հարթակներում արվում են որոշակի հայտարարություններ, որոնք պարզապես կոչված են որոշակի լարվածություն ստեղծել համալսարանի շուրջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին:
«Սա, կարծում եմ, արդեն հստակ քաղաքականության տեսք ունի, որովհետև ոչ եզակի դեպքեր ենք արձանագրում»,-ասաց նա:
Հարցին` ի՞նչ է նշանակում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի այլ կազմ էր ուզում ձևավորել, բայց ստացավ այլ կազմ, Վահան Արծրունին պատասխանեց. «Սա նշանակում էր պաշտոնեական դիրքի չարաշահում նախ և առաջ, որովհետև ԵՊԲՀ-ն գտնվում է այլ գերատեսչության տիրույթում՝ ոչ թե Առողջապահության նախարարության, այլ ԿԳՄՍ նախարարության: Երկրորդ` ես ուղղակի կապ եմ տեսնում Առողջապահության նախարարի և հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների հայտարարությունների միջև: Արդյո՞ք հոգաբարձուների խորհրդի այն անդամները, որոնք այսօր հայտարարում են Բժշկական համալսարանի «խնդիրների» մասին, խոսում են ի օգուտ Բժշկական համալսարանի, որովհետև մենք ակնհայտորեն տեսնում ենք իրենց հայտարարությունների կապը այլ գերատեսչության ղեկավարի դրույթների հետ»:
Հոգաբարձուների խորհրդի կազմը բաղկացած է 32 անդամից, 16 հոգին առաջադրված է համալսարանի կողմից, 16-ը` կառավարության կողմից, և Վահան Արծրունին` որպես հանրային ներկայացուցիչ:
«Դժգոհողները հենց կառավարության կողմից ներկայացված անձինք են, և պետք է ասեմ, որ հենց նրանց կողմից էլ որոշակի դրսևորում կա մեր բնականոն աշխատանքի վերաբերյալ: Նրանք կա՛մ չեն մասնակցում նիստերին, մասնակցելիս էլ կա՛մ միշտ քվեարկել են դեմ, կա՛մ ստեղծել են անհեթեթ հարցադրումներով լարվածություն խորհրդի ներսում, որը հաղթահարելի է և նորմալ է, տարակարծությունը բնական է, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, բայց ի տարբերություն մնացած բոլոր անդամների` նրանք նույնպես սադրում են որոշակի լարվածություն հանրային մակարդակներով և մեդիայի դաշտում, և որը համարում եմ անթույլատրելի»,-ասաց Հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Նրա խոսքով` այդ անդամները որևէ անգամ ըստ կանոնակարգի չեն բարձրաձայնել խնդիրների մասին, հարցերը նիստի օրակարգ չեն մտցրել:
«Երբ խոսում ենք Հոգաբարձուների խորհրդի բնականոն աշխատանքի մասին, պետք է հիմնվենք եղածի վրա, ոչ թե ենթադրությունների կամ հորինվածքի: Էլ չեմ ասում, որ որպեսզի իրազեկված լինենք բնականոն կյանքից, այդ անդամները պետք է գոնե ներկա լինեն այդ ընթացքներին կամ գոնե տեղեկացված լինեն»,-նշեց նա:
Հարցին`հակասություն չկա՞, որ հոգաբարձուների խորհրդի` հենց կառավարության նշանակած անդամներից որոշներն են նամակ հղել ԿԳՄՍ նախարարին՝ խոսելով համալսարանում առկա խնդիրների մասին, երբ Բժշկական համալսարանի աշխատանքը բարձր է գնահատել նաև Հայաստանի վարչապետը, Վահան Արծրունին պատասխանեց.
«Սա ամենազավեշտալի, իրարամերժ իրողությունն է, որի հետ մենք առնչվում ենք հիմա, որովհետև այն պարագայում, երբ երկրի վարչապետն է նման գնահատականներ տալիս, այն է, որ Բժշկական համալսարանը առաջադեմ համալսարանն է մեր երկրում և կարող է ծառայել մոդել մնացած բոլոր համալսարանների համար, ինձ համար զարմանալի է թվում, որ հենց կառավարության կողմից ներկայացված անհատների հոգաբարձուների խորհրդի կազմի անդամների կողմից դրան հակառակ կարծիք է հայտնվում և հանրայնացվում այդ կարծիքը, այն պարագայում, երբ ունենք գերագույն գնահատականը երկրի ղեկավարի կողմից»:










