Սիրիայի Կամիշլի քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունը 5 մարդու կյանք է խլել, 16-ը վիրավորվել են

23:24 • 11.10.19

Սիրիայի Կամիշլի քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունը 5 մարդու կյանք է խլել, 16-ը վիրավորվել են, հաղորդում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների միության գլխավոր քարտուղար Իլյաս էլ Մուրը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Սիյահի թաղամասում՝ էլ Օմարի ռեստորանի մոտ, քրդական ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրը: Նա նաև հավելել է, որ հինգշաբթի օրվանից չեն դադարում Թուրքիայի կողմից քաղաքի ականանետային գնդակոծությունները: Կրակի տակ են գտնվում մասնավորապես այն թաղամասերը, որտեղ ապրում է քրիստոնյա բնակչությունը։

«Կամիշլի Մունիր Հաբիբի փողոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորներինը՝ 16-ի»,- հայտնում է ռադիոկայանը։

Իր հերթին քրդական «Ասայիշ» անվտանգության ծառայությունները հայտնել են երեք զոհի և ինը տուժածի մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: