Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Բակո Սահակյանը պարգևատրել է ԱՀ և ՀՀ կառավարական, գիտակրթական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Իր ելույթում Նախագահը նշել է, որ կոնֆերանսում քննարկվող թեմաները հետաքրքիր են ու պահանջված և առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգում:
«Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է և այսուհետ էլ կմնա մեր հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը: Այս ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ, լայնորեն օգտագործի տարբեր երկրների առաջատար փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները, բնական է, հաշվի առնելով մեր տեղական յուրահատկությունները: Եվ այս տեսակետից նման միջոցառումների անցկացումն Արցախում պահանջված է»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:
Երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» եւ «Երախտագիտություն» մեդալներով պարգեւատրել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության կառավարական, գիտակրթական եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչներին:










