Նորայր Գրիգորյանը պատշաճ հաշվետու չի եղել ավագանուն. Արարատի մարզպետը` Նորաշենի համայնքապետի ազատման մասին
Ավագանու նիստն ու համայնքապետի ազատման որոշումը կայացվել են օրենքին համապատասխան: Այս մասին «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի` համայնքապետի պաշտոնից ազատմանը: Մարզպետը հղում արեց ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, ըստ որի` որոշումը կայացվում է ավագանու ներկա անդամների 2/3-ով: «Ավագանու նիստին ներկա է եղել 5 անդամ, և արձանագրությունը ստորագրել են 4-ը: Դա ապահովում է 2/3-ը»,-մեկնաբանեց նա:
Դիտարկմանը, թե ըստ Նորաշեն համայնքի բնակիչների և նախկին համայնքապետի` մարզպետը անձնական հակասություններ ունի Նորայր Գրիգորյանի հետ, վերջինս մարզպետին չի սատարել ԱԺ ընտրություններում, դրա համար էլ Գարիկ Սարգսյանը որոշել է այս կերպ արձագանքել, Արարատի մարզպետը պատասխանեց.
«Ոչ մի նման խնդիր չի եղել, ինքն էլ կարող է փաստել: Իրեն էլ կարող եք հարցնել` մեր հարաբերությունները լավ են եղել, թե վատ: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար, ծանոթացել ենք մարզպետարանում, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, դեռևս 2017 թվականին, երբ իր նկատմամբ մահափորձ էր իրականացվել, ես իրեն զանգել եմ, որպիսությունը հարցրել եմ: Հեղափոխության օրերին կոչ եմ արել միանալ հեղափոխությանը: Մեր հարաբերությունները շատ լավ են եղել հեղափոխությունից հետո, երբ ես նշանակվել եմ մարզպետ»:
Գարիկ Սարգսյանը նշեց, որ նախկին համայնքապետի հետ միջանձնային խնդիրներ չունեն, կոնֆլիկտ չկա: «Զուտ, ես` որպես մարզպետ, միշտ նրանից պահանջել եմ, որ հաշվետու լինի ավագանու առաջ և եռամսյակային հաշվետվությունը կամ տարեվերջյան բյուջեի կատարողականը պատշաճ ներկայացնի ավագանուն, ինչպես վերջինս պահանջել է: Փաստող գրությունները կան, թե ինչպես է ավագանին դիմել մարզպետարանին, մենք դիմել ենք համայնքապետին, սակայն նրա կողմից օրենքով պահանջվող պարտականությունները չեն կատարվել, և նա հաշվետվություն պատշաճ չի ներկայացրել ավագանուն»,-ասաց նա:
Հարցին` ինչ հիմքով է նշանակվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը, արդյոք նրա ընտրությունը, ինչպես պնդում են համայնքի բնակիչները, պայմանավորած է Հարությունյանի` ԱԺ ընտրություններին հօգուտ մարզպետի ակտիվ աշխատանքի, Գարիկ Սարգսյանը պատասխանեց.
«Ոչ: Նշանակել եմ` ելնելով զուտ այն բանից, որ ինքը ավագանու ամենաշատ ձայներ հավաքած անդամն է: Ես ոչ մի համայնքի ղեկավարի աջակցության կամ ծառայության կարիքը չեմ ունեցել, այդ թվում` Նորաշեն համայնքի ղեկավարի»:
Դիտարկմանը, թե Նորայր Գրիգորյանն ասում է, որ մարզպետն իրեն առաջարկել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, նա մերժել է, ինչից էլ սկսվել է այս պատմությունը, Գարիկ Սարգսյանը արձագանքեց.
«Դա սուտ է: Համայնքի շատ ղեկավարներ մեծ ցանկություն կունենային այսօր լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, բայց իմ կողմից և մեր քաղաքական ուժի կողմից ոչ մի համայնքի ղեկավարի նման առաջարկ հեղափոխությունից հետո չի եղել»:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորաշեն համայնքի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի արձակուրդ լինելու ընթացքում որոշել էր կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չէր ծանուցվել։
Դրան հաջորդեցին Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների բողոքի ակցիաները՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում էին, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում էին նրան վերականգնել պաշտոնին:










