Հարավային Կորեայի իշխանությունները շուրջ 2 մլրդ դոլար կծախսեն ապագայի ավտոմեքենաների արտադրության համար
Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են 1.8 մլրդ դոլար ներդնել ինքնագնաց ավտոմեքենաների և ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրության զարգացման գործում: Yonhap գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի նախագահ Մուն Չժե Ինը:
Հարավկորեացի առաջնորդը ելույթ է ունեցել Hyundai-ի հետազոտական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ, որտեղ ներկայացրել է ապագայի մեքենաշինության իր տեսլականը և առաջադեմ մեքենաների զարգացման գործում առաջնության հասնելուն ուղղված ծրագրերը:
Մուն Չժե Ինն ընդգծել է, եր երկիրն արդեն ապացուցել է վարպետությունը էլեկտրամեքենաների և ջրածնային վառելիքով աշխատող մեքենաների արտադրության հարցում: Նախագահը որպես օրինակ նշել է Շվեյցարիային ջրածնով աշխատող 1600 բեռնատար մատակարարելու պայմանագիրը:
Տեղի ավտոարտադրողները նախատեսում են 10 տարվա ընթացքում 60 տրիլիոն վոն (շուրջ 50.6 մլրդ դոլար) ծախսել ապագայի մեքենաշինության համար: Բացի այդ, երկրի իշխանություններն իրենց հերթին 2.2 տրիլիոն վոնի (1.8 մլրդ դոլար) ներդրում կանեն:












