ՆԱՍԱ-ի երկու կին տիեզերագնացներ հոկտեմբերի 18-ին բաց տիեզերք դուրս կգան
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի կին տիեզերագնաց Ջեսիքա Մեիրը պատրաստվում է իր գործընկերուհի Քրիստինա Քուկի հետ բաց տիեզերք դուրս գալ հոկտեմբերի 18-ին: Այդ մասին Twitter-ում հայտնել է անձամբ Մեիրը:
«Ուրբաթ պատրաստվում եմ բաց տիեզերք դուրս գալ տիեզերագնաց Քրիստինա Քուկի հետ, որպեսզի Երկիր մոլորակի վրա գտնվող մասնագետներին օգնեմ վերականգնել էլեկտրաէներգիայի աղբյուրներից մեկը»,- գրել է Մեիրը:
Բաց տիեզերք դուրս գալն, ավանդույթի համաձայն, կհեռարձակվի ՆԱՍԱ-ի կայքում, գերատեսչության օրացույցում Քուկի և Մեիրի՝ բաց տիեզերք դուրս գալու հեռարձակումը նախատեսված է հոկտեմբերի 18-ին՝ երևանյան ժամանակով ժամը 14:30-ից ոչ շուտ:
Երեքշաբթի ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ առաջին բացառապես կանանց մուտքը բաց տիեզերք տեղի կունենա նախատեսված ժամկետից շուտ:
Անձնակազմի աշխատանքի գրաֆիկում փոփոխություններ են կատարվել անցած հանգստյան օրերին ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի էլեկտրասնուցման համակարգում խնդիրների պատճառով:
Բաց տիեզերք առաջիկա մուտքը տիեզերագնաց Քուկի համար չորրորդն է և առաջինը Մեիրի համար: Առաջին կինը, որ դուրս էր եկել բաց տիեզերք, 1984-ին խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան էր:










