Իսրայելում հնագետներն անհայտ նահատակի նվիրված տաճարի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
Իսրայելցի հնագետները 1500-ամյա տաճարի ավերակներ են հայտնաբերել, որը նվիրված է եղել անհայտ նահատակի, գրում է РИА Новости-ն:
Ըստ հնագետների՝ մատուռով տաճարը հայտնաբերվել է Բեյթ-Շեմեշ քաղաքի մերձակայքում: Այն 1500 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Ենթադրաբար, տաճարի շինարարությունը սկսվել է 6-րդ դարում՝ Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր կառավարման օրոք:
Եկեղեցու ներսի հատվածը զարդարված է որմնանկարներով և խճանկարներով՝ տերևների, մրգերի, թռչունների, երկրաչափական մարմինների պատկերներով:
Ավելի ուշ՝ Տիբերիոս Կոնստանտին II-ի կառավարման ժամանակահատվածում, եկեղեցուն կից մատուռ է կառուցվել, որի վրա գրված է «փառավոր նահատակին»:
«Նահատակի անձն անհայտ է, սակայն կառույցի հարստությունը հուշում է, որ նահատակը կարևոր անձ է եղել»,- ասել է պեղումները համակարգող Բենիամին Ստորչանը:
Հնագետները կարծում են՝ նահատակի մասունքները կարող են թաղված լինել մատուռում:











