Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության դադարեցման մասին

14:44 • 23.10.19

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության դադարեցման մասին: Այս մասին Չավուշօղլուն ասել է «Անադոլու» լրատվականին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ գործողությունն ավարտված չէ, և իրենք պատրաստ են հակահարված տալ քրդերին «անհրաժեշտության դեպքում»:

«Եթե ահաբեկիչները հայտնվեն ինչ-որ տեղ, մեր զինվորականները նրանց հետ մարտի կբռնվեն: Դեռևս մնացել են զենքեր, պահոցներ, փոքրիկ թակարդներ, որոնք պետք է վերացնել: Դեռևս շատ գործ կա անելու, այդ իսկ պատճառով մենք մնում ենք դաշտում»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն իրենց տեղյակ է պահել սահմանված 120 ժամվա ընթացքում քրդական ուժերի՝ «անվտանգության գոտուց» բարեհաջող դուրսբերման մասին: Նախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ գործողությունը փաստացի դադարեցված է, և ներկայում կարիք չկա Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» դուրս նոր օպերացիա սկսելու: