ՊՆ-ում մրցույթի մասնակցած «Օրսիս» ընկերության քրգործով նախաքննությունը շարունակվում է. մեկ գործ էլ հարուցվել է զինդատախազությունում՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով վնաս պատճառելու դեպքի առթիվ

17:48 • 31.10.19

Պաշտպանության նախարարությունում զենքի գնման մրցույթում ռուսական «Օրսիս» ընկերության մրցույթի տապալման վերաբերյալ, ապա՝ մրցույթը չկայանալու ընթացակարգերի վերաբերյալ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այդ ընթացքում էլ մեկ այլ քրեական գործ հարուցվել է զինդատախազությունում:

ՔԿ-ում և զինդատախազությունում հարուցված գործերը հսկող դատախազի ցուցումով քննվում են մեկ վարույթում:

Այս մասին Tert.am-ի՝ Պաշտպանության նախարարությունում զենքի գնման մրցույթում «Օրսիս» ընկերության գործի վերաբերյալ հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի վերջին ռուսական «Ռիա-Նովոստին»  հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ում քրեական գործ է հարուցվել «Օրսիս» ընկերության զենքի գնման պայմանագրի չեղարկման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։

Հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2019 թվականի օգոստոսի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործի նյութերով ձեռք բերված տվյալների հիման վրա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվում է:

Նշված քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան»:

ՊՆ-ում մրցույթի մասնակցած «Օրսիս» ընկերության քրգործով նախաքննությունը շարունակվում է. մեկ գործ էլ հարուցվել է զինդատախազությունում՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով վնաս պատճառելու դեպքի առթիվ