Իսրայելական ընկերության մշակած ծրագիրն օգտագործվել է WhatsApp հավելվածի միջոցով ավելի քան 20 երկրների պաշտոնատար անձանց հետևելու համար. Reuters

14:58 • 01.11.19

Իսրայելական NSO Group-ի մշակած ծրագրային ապահովումը կիրառվել է WhatsApp հավելվածի միջոցով ավելի քան 20 երկրի պաշտոնատար անձանց հետևելու համար, գրում է Reuters-ը:

Կալիֆոռնիա նահանգում Facebook ընկերությունը հոկտեմբերի 29-ին դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ՝ նրան մեղադրելով WhatsApp-ի միջոցով տարբեր պաշտոնատար անձանց հետևելու համար: Հայցում նշվում է, որ ընթացիկ տարվա ապրիլից մայիս ամիսների ընթացքում WhatsApp-ի սերվերներն օգտագործվել են ամերիկյան և այլ երկրների պաշտոնատար անձանց հետևելու համար:

Ծրագիրը հնարավորություն է տվել տեղեկատվություն ստանալ օգտատերերի հաղորդագրությունների, զանգերի, գտնվելու վայրի վերաբերյալ: Ըստ ներկայացված հայցի՝ ծրագիրն օգտագործվել է ինչպես NSO Group-ի աշխատակիցների, այնպես էլ նրանց պատվիրատուների կողմից:

Ինչպես նշված է նյութում, խոսքը, մասնավորապես, այն երկրների պաշտոնատար անձանց մասին է, որոնք հանդիսանում են Վաշինգտոնի դաշնակիցները: Երկրների ամբողջական ցանկը չի նշվում: Գործակալությունը նաև չի նշում, թե մասնավորապես ով է հանդիսանում հաքերային հարձակման պատվիրատուն:

Ըստ գործակալության տվյալների՝ կիբեռհարձակման ենթարկված քաղաքացիների շարքում են ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մեքսիկայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիները:

Իսրայելական ընկերության մշակած ծրագիրն օգտագործվել է WhatsApp հավելվածի միջոցով ավելի քան 20 երկրների պաշտոնատար անձանց հետևելու համար. Reuters