ԱՄՆ-ն Միջազգային տիեզերակայան է ուղարկել Antares հրթիռակիրը՝ առաջին անհրաժեշտության ուղեբեռով

22:54 • 02.11.19

Ամերիկյան Վիրջինիա նահանգի «Վալոփս» տիեզերական կայանից մեկնարկել է Antares հրթիռակրի թռիչքը Cygnus տիեզերանավով, որը շուրջ 3.7 տոննա ուղեբեռ կհասցնի Միջազգային տիեզերակայան:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, արձակման մեկնարկը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:59-ին (երևանյան 17:59): Հրթիռակիրն ու բեռնանավը պատկանում են Northrop Grumman ընկերությանը:

Տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կժամանի նոյեմբերի 4-ին: Նշվում է, որ այս թռիչքը նվիրվում է «Ապոլոն-12» լուսնային առաքելության մասնակից, տիեզերագնաց Ալան Բինին:

Բեռնատար տիեզերանավը ուղեծիր կհասցնի առաջին անհրաժեշտության իրեր և նյութեր գիտափորձերի համար, այդ թվում՝ AstroRad Vest հատուկ բաճկոն տիեզերական ճառագայթումից պաշտպանելու համար: Ակնկալվում է, որ նորույթը հետագայում կկիրառվի դեպի Լուսին և Մարս թռիչքների համար:

ԱՄՆ-ն Միջազգային տիեզերակայան է ուղարկել Antares հրթիռակիրը՝ առաջին անհրաժեշտության ուղեբեռով