Այդ վուլգար, ցածրաճաշակ «ներկայացման» թույլտվություն տվող քաղաքապետարանը և ֆինանսավորող ԿԳՄՍՆ–ը պետք է բացատրություն տան հանրությանը. Ն. Զոհրաբյանը՝ «ՀուԶանք ու Զանգ» փերֆորմանսի մասին
Մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ օրերս տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» փորձարարական «ներկայացումը» անճաշակություն և գռեհկաբանություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք որպես խորհրդարանական ուժ չեք պատրաստվում հաշվետվություն պահանջել այն ծրագրերի համար, որոնք ֆինանսավորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
«Ես գտնում եմ, որ հանրային վայրերում նման ցուցադրությունները ուղղակիորեն ոտնահարում են այլոց իրավունքները»,- ասաց նա և նշեց, որ որպես թատերագետ պատրաստ է ցանկացած արվեստագետի հետ բանավիճել, ով փորձ կանի ասել, թե այդտեղ կա մշակույթ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։
Նաիրա Զոհրաբյանը դեմագոգիա համարեց, երբ ինչ-որ անձիք հղում են կատարում Սահմանադրության 43-րդ հոդվածին և ասում, որ այդ հոդվածով երաշխավորված է ստեղծագործելու ազատությունը:
«Որևէ մեկը չի խոսում ստեղծագործելու ազատությունը սահմանափակելու մասին, մենք խոսում ենք յուրաքաչյուրի հիվանդ երևակայությունն այլոց պարտադրելու անթույլատրելիության մասին: Հրապարակային վայրերում նման գռեհկաբանության ցուցադրությունը ես համարում եմ իմ երեխայի իրավունքի կոպտագույն խախտում միջազգային կոնվենցիաներով ամրագրված»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա նույնն է, երբ մեկը ասի, թե Կամասուտրան ևս արվեստ է, քանի որ Քաջուրահոյի տաճարների պատերը Կամասուտրայով են նկարազարդված: «Հիմա հանրային վայրերում Կամասուտրա բեմադրե՞նք: Այդ ցածրաճաշակ, վուլգար, անմակարդակ, ասֆալտին ծեփրտոցին թույլտվություն տվող քաղաքապետարանը և ֆինանսավորող նախարարությունը, հանրությանը պետք է բացատրություն տան, ինչու են ոտնահարում մեր իրավունքները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իրավունքներին, ապա պատգամավորը նշեց, որ ոչ մեկ չի կարող ասել, թե գռեհկաբանությունը որպես արվեստ ներկայացնողների իրավունքն ավելի գերակա է, քան մերը: «Մենք չենք պարտադրում մեր ճաշակը ձեզ, դուք էլ մեզ մի պարտադրեք ձեր խեղաթյուրված ընկալումը արվեստի մասին»,-հավելեց նա:









