Մեկին կլկլոց է դուր գալիս, ինքը դա չի համարում թուրքական. ճաշակի վրա բռնանալ ոչ մեկ իրավունք չունի. Ալեն Սիմոնյանը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասին

20:15 • 04.11.19


Մենք որևէ բանի չենք հասնի, եթե ինչ-որ մարդիկ պետք է որոշեն, թե որ ներկայացումն է լավը, որը վատը և դրա պատճառով ինչ-որ բաներ սկսեն պահանջել, այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 2-ին անցկացված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որն ուղեկցվել էր քաշքշոցներով, մարդիկ էին բերվել ոստիկանություն։
 
«Մեկին կլկլոց է դուր գալիս, ինքը դա չի համարում թուրքական, արաբական, և այդ երգերը դնում է իր պատին, այդ երգչի հետ նկարվում, գրում է` իմ ախպերս։ Դա նորմա՞լ է: Այսինքն՝ մենք պետք է իրար համար որոշենք, թե որ ներկայացումը ում համար է նորմա՞լ»,- հարցադրում արեց նա և նշեց, որ իրենց ինչ ասես վերագրում են։ Փոխարենը կոչ արեց դադարեցնել դա, քանի որ հաջողություն չեն ունենալու:

«ՀՀ քաղաքացին գիտի, որ այսօր փող են տալիս մարդկանց, որ նման ձևով մեզ վարկաբեկեն: Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ, ազատ երկիր է, մշտապես պահելու է իր ավանդական արժեքները, բայց մարդկանց ցանկությունների, ճաշակի վրա բռնանալ ոչ մեկ իրավունք չունի»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասնակիցների վրա «զելյոնկա» լցնելու փաստին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հիմա «զելյոնկայի» մյուս քայլը ո՞րն է, խարույկի վրա այրելը՞,  կամ ո՞վ է որոշում, թե ես ինչ պետք է անեմ, կամ ինչ պետք է նայեմ: Այս կյանքը և կոմերցիան ցույց է տալիս, թե որ մշակույթի ձևն է լավը»,-ասաց նա:

Նշենք, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն անցկացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ։ Նախարարությունն իր 2019-ի բյուջեից 2,7 մլն դրամ է հատկացրել այս միջոցառման համար։