Կատալոնիայում բողոքի ակցիա է անցկացվում՝ Իսպանիայի թագավորի և թագուհու այցի պատճառով

23:39 • 04.11.19

Կատալոնիայի անկախության կողմնակիցները՝ թագավորական ընտանիքի՝ կատալոնական մայրաքաղաք այցի առթիվ բողոքի ցույց են անցկացնում Բարսելոնայում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսպանական հեռուստատեսությամբ հրապարակված կադրերը, հազարավոր մարդիկ են հավաքվել Բարսելոնայի կոնգրեսների պալատի մոտ, որտեղ անցկացվում է Ժիրոնայի արքայադստեր մրցանակի հանձնման արարողությունը:

Ցուցարարները փորձում են արգելափակել շենքի բոլոր մուտքերը և արգելել հյուրերի մուտքը: Հավաքվածները միապետության դեմ հնչող կարգախոսներ են վանկարկել, ինչպես օրինակ՝ «Մենք թագավոր չունենք», «Գիլյոտին՝ սատրապների համար»:

Մրցանակաբաշխությանը ներկա են թագավոր Ֆիլիպ VI և նրա կինը՝ Լետիսիան, ինչպես նաև գահաժառանգ արքայադուստր Լեոնորը, որը պետք է հանձնի մրցանակները, արքայադուստր Սոֆիան և փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարմեն Կալվոն:

Հիշեցնենք, որ կատալոնացիները շաբաթներ շարունակ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ինքնավար մարզի նախկին ղեկավարներին, որոնց Իսպանիայի Գերագույն դատարանը 9-12 տարվա ազատազրկման է դատապարտել 2017-ին անկախության հանրաքվե կազմակերպելու և ապստամբության համար: