Հրապարակվել են Թրամփի իմպիչմենթի մասին գործով առաջին ցուցմունքները

23:58 • 04.11.19

ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին գործով ցուցմունքների առաջին վերծանումները: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի կայքում:

Հրապարակվել են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մերի Յովանովիչի և պետքարտուղարի նախկին խորհրդական Մայքլ Մաքքինլիի ցուցմունքների սղագրությունները։

Հետաքննություն վարող հանձնաժողովների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ցուցմունքները տեղեկություններ են պարունակում ԱՄՆ արտաքին քաղաքականության միջոցով Թրամփի անձնական և քաղաքական շահերի առաջխաղացման մասին: 

Հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը տեղեկացրել է, որ հրապարակվելու են նաև այլ ցուցմունքներ, որոնք ավելի վաղ տրվել են փակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ նախօրեին հանձնաժողովից հայտնել էին, որ ցուցմունքների ընդունման ավարտից հետո Կոնգրեսում կմեկնարկի իմփիչմենթի հարցով լսումների հանրային փուլը: Դա կարող է տեղի ունենալ 2-3 շաբաթից: