Ասել ճշմարտությունը. սա այն ամենն է, ինչ կարող եմ անել. Օրհան Փամուկը Ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար հետապնդումների ենթարկվելու մասին

23:50 • 04.11.19

Հանրահայտ թուրք գրող Օրհան Փամուկը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում կայացած գրքի տոնավաճառում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայի կողմից իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին:

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտարարել է, որ իրեն «խիզախ» չի համարում և անհրաժեշտ է համարում խոսել այն մասին, ինչ մտածում է:

«Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտում են հայտնվում: Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, և ասել ճշմարտությունը, այն ամենն է, ինչ ես կարող եմ անել»,- Московский Комсомолец-ի փոխանցմամբ՝ ասել է Փամուկը։

Գրողը նշել է, որ ինքը հայտնվել է թուրք ազգայնականների ուշադրության կենտրոնում, երբ հարցազրույցներից մեկում ասել է, որ «Թուրքիայում 30 000 քուրդ և մեկ միլիոն հայ է սպանվել»: Աղբյուրը նշում է, որ այս խոսքերից հետո լսարանում ծափահարություններ են հնչել:

Փամուկի դեմ Թուրքիայում իշխանությունների և ազգայնականների կողմից հետապնդումների ալիք է բարձրացել 2005-ին՝ վերոնշյալ հարցազրույցից հետո: