Apple-ը 2,5 մլրդ դոլար կհատկացնի Կալիֆոռնիայում մատչելի բնակարանների կառուցման համար
Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է երկու տարվա ընթացքում 2,5 մլրդ դոլար հատկացնել Կալիֆոռնիա նահանգում մատչելի բնակարանների կառուցման ծրագրերին, ինչպես նաև քաղաքացիներին դրա ձեռքբերման հարցում աջակցելու համար: Այս մասին ասված է ընկերության կայքում երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ կորպորացիայի ղեկավարությունը մտահոգված է Կալիֆոռնիայում տների և բնակարանների արժեքի կտրուկ աճով: Apple-ը ծրագրում է 1 մլրդ դոլար հանգանակություն ուղարկել հիմնադրամին, որից վարկեր կհատկացնեն մատչելի բնակարան կառուցելու համար, 1 մլրդ դոլար էլ ընկերությունը կներդնի հիփոթեքային հիմնադրամում, որից վարկեր կտրամադրեն նահանգի կարևորագույն ծառայությունների աշխատակիցներին, դպրոցական ուսուցիչներին, զինվորական ծառայություն անցած անձանց բնակարան ձեռք բերելու համար:
Ընկերությունը նաև 300 մլն դոլար արժողությամբ հողատարածքներ կհատկացնի մատչելի բնակարանների կառուցման համար: Բացի այդ, 150 մլն դոլար կուղղվի Սան Ֆրանցիսկոյի շրջանում շինարարության նախագծերի ֆինանսավորմանը: Եվս 50 մլն դոլար Apple-ը որպես օգնություն կտրամադրի անօթևաններին:









