Մեքսիկայում սպանել են ակտիվիստի 9 ազգականին, ևս 8-ին առևանգել են. Heraldo de Mexico
Մեքսիկայում մորմոնների խումբը հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով ավելի քան 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 երեխա. ևս 8-ն առևանգվել են, հայտնում է Heraldo de Mexico պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Չիհուահուա նահանգից Սոնորա նահանգ տանող ճանապարհին: Հայտնի է դարձել, որ հարձակման են ենթարկվել ակտիվիստ Խուլիան Լեբարոնի հարազատները:
Հարձակման առաջին զոհերն են դարձել ակտիվիստի զարմուհին և նրա 4 երեխաները. նրանք զոհվել են ավտոմեքենայի մեջ՝ փամփուշտի՝ վառելանյութի բաքի մեջ ընկնելու պատճառով: Հարձակվողներն առևանգել են ևս 2 ավտոմեքենա, որտեղ 12 անձ է եղել:
Ինչպես հայտնում է պարբերականը, ավելի ուշ երկու կանանց դիեր են հայտնաբերվել: Ընտանիքի անդամներից մեկը հաստատել է ևս երկու երեխայի մահվան հանգամանքը: Այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում ևս 8 անչափահասների գտնելու համար: Գործողությանը մասնակցում են զինվորականները և ոստիկանությունը:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Խուլիան Լեբարոնն ակտիվիստ է դարձել 2009 թվականին, երբ սպանվել է նրա եղբայր Բենյամինը, որը գլխավորել է մարդկանց առևանգման դեմ պայքարող խումբը:
Milenio պարբերականի փոխանցմամբ՝ Մեքսիկայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ կապ է պահպանում տեղական իշխանությունների հետ:









