Նորզելանդուհին կարողացել է ողջ մնալ երկու օր բաց ծովում անցկացնելուց հետո (լուսանկարներ)

15:11 • 05.11.19

Փորձառու լողորդը կարողացել է ողջ մնալ երկու օր բաց ծովում՝ մոտորանավակի վրա անցկացնելուց հետո` լողալով հունական կղզիներից 110 կիլոմետր հեռու, գրում է Daily Mail-ը:

Նորզելանդացի 45-ամյա Կուշիլա Սթեյնին կիրակի օրը գտել են Էգեյան ծովի մեջտեղում՝ մոտորանավակում:

Նա իրեն փաթաթել է պլաստիկե տոպրակներով, որպեսզի չսառցահարվի, և երկու օր անցկացրել է առանց ջրի՝ ուտելով միայն քաղցրավենիք:

Կուշիլա Սթեյնը մի բրիտանացի տղամարդու հետ զբոսանավի վրա է եղել, երբ որոշել է դուրս հանել մոտորանավակը և մի փոքր զբոսնել դրանով: Բրիտանացին նավը Թուրքիայից Աթենք էր տեղափոխում, և Սթեյնը նրան օգնում էր այդ հարցում:

Ամբողջ ուրբաթ օրն անցկացնելով մերձակա Ֆոլենգրանդոս կղզում՝ Սթեյնը տղամարդուն գրել է, որ վերադարձի ճանապարհին է:

Տեսնելով, որ Սթեյնը չի վերադառնում՝ բրիտանացին անհանգստացել է և որոշել որոնել նրան:

Նա Սթեյնի անհետանալու մասին զգուշացրել է առափնյա անվտանգության ծառայությանը, և մոտ 40 ժամ ծովում անցկացնելուց հետո Կուշիլա Սթեյնը փրկվել է:

Կուշիլայի մայրը լրագրողների պատմել է, որ դուստրը փորձառու լողորդ է և նախկինում ինքն է շատերին սովորեցրել ծովում կենդանի մնալու հնարքները:

Սթեյնը գլխին կարմիր պարկ էր հագցրել, որպեսզի անցնող նավերը նկատեին նրան, և թափահարել է մոտորանավակի թին, երբ անցնող ինքնաթիռներ է նկատել:

Տաքանալու համար Սթեյնը գուլպաները կախել է մոտորանավից և չորացրել, իսկ ունեցած քաղցրավենիքի պաշարը հավասարապես բաշխել է, որպեսզի հետագայում նույնպես ուտելու բան ունենա:

Սթեյնը նավակի վրա գրել է նաև մոր հեռախոսահամարը, որպեսզի նախքան իրեն գտնելը մահանալու դեպքում կարողանային մորը տեղյակ պահել:

Գտնելուց հետո Կուշիլային հիվանդանոց են տեղափոխել:

«Ես արեցի ամեն ինչ փրկվելու համար»,- ասել է Կուշիլան: